Գարեգին Երկրորդի օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ կատարվել է Հայրապետական մաղթանք

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նոյեմբերի 4-ին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 15-րդ տարեդարձը: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոսահիմն Ս. Տաճարում կատարվել է Հայրապետական մաղթանք: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիսավոր թափորով առաջնորդվել է դեպի Մայր Տաճար:

Եկեղեցականաց թափորով երկրպագության համար տաճար է բերվել նաև այս առիթով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կողմից Մայր Աթոռին ընծայված` 15 սրբերի մասունքներ ամփոփող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը` պատրաստված բարերարությամբ մոսկվաբնակ տիար Տիգրան Ղազարյանի:

Մինչ արարողությունը Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնհինգ տարիներին անդրադարձ է կատարել և Մայր Աթոռի միաբանության ու համայն հայ ժողովրդի անունից Նորին Սրբությանը շնորհավորել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Իր խոսքում Արշակ Սրբազանը մասնավորապես ասել է. «Այսօր համախմբվել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` տոնակատարելու հայոց հայրապետական Աթոռի 132-րդ գահակալի` Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 15-րդ տարեդարձը:

Գահակալության այս 15 տարիները եղան դժվարություններով ձեռքբերված հաջողությունների ու նվաճումների տարիներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընտրվեց Հայ Եկեղեցու գահակալ մեր երկրի համար ճակատագրականորեն դժվարին ու լարված իրավիճակում, երբ հայոց օրենսդիր մարմնում ոճրագործի ձեռքով սպանվեցին երկրի Աժ նախագահը, վարչապետը և նվիրյալ մյուս հայորդիները: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ դրամատիկորեն միախառնվեցին անեծքն ու օրհնությունը, լույսն ու խավարը: Մի կողմից սպանդ ու ոճրագործություն, մյուս կողմից հայոց Կաթողիկոսի, Լուսավորչի Աթոռի գահակալի ընտրության ուրախություն: Այսօր այստեղ ներկաներից շատերս հիշում ենք այդ օրերը և, վստահ եմ, ժամանակային հեռավորությունից անգամ անհնար է հաղթահարել այդ օրերի տագնապներն ու հույզերը:

Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները էականորեն կանխորոշեցին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաքելությունը: Նորին Սրբությունն իր առաջին պարտականությունը համարեց լծվել իր հոտի անվտանգության անմիջական կարիքների ապահովմանը, ջանքեր գործադրեց հայոց պետականության հիմքերի ամրապնդման համար` հաճախ նաև այս ճանապարհին կրելով անհարկի և անհիմն հարձակումներ ու վերագրումներ` անգամ հարմարվողականության և իշխանամետության մեջ:

Եկեղեցին, սակայն, երբեք չի հավատում հեղափոխությանը, Եկեղեցին հավատում է հոգեփոխությանը: Կյանքի բոլոր ասպարեզներում սա է Եկեղեցու սոցիալական հավատամքը, և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավատարիմ է եղել և այսօր էլ հավատարիմ է այդ հավատամքին:

Համայն հայության ուղղված հայրապետական իր առաքելությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծավալել է բազմաթիվ ուղղություններով, և դժվար է այն մեկ խոսքի մեջ ամփոփել:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանին վերաշխուժացավ առաքելությունը եկեղեցիների հավատացյալների շրջանում: Վերակազմակերպվեցին եկեղեցասեր երիտասարդաց միությունները, հանրակրթական դպրոցներում ներդրվեց Հայ եկեղեցու պատմության առարկան, առանց հոգևոր խնամքի չմնացին նաև բարձրագույն կրթական հաստատություններն ու մանկապարտեզները, գործնականորեն ավելի լայն թափ ստացավ հայորդաց տների գործունեությունը:

Հոգևորականներն այսօր իրենց ծառայությունն են բերում նաև ՀՀ Զինված ուժերում և կալանավայրերում:

Ոչ շատ ժամանակ առաջ էր, երբ հայոց անկախության տոնի առիթով կազմակերպված զորահանդեսի ժամանակ հայ հպարտ ու անպարտ զինվորի կողքին քայլում էր հայ եկեղեցականների գունդը: Հիշում եմ քանի-քանի հայացքներ զարմանքով ու անգամ արտասուքով էին հետևում կարծես Վարդանանց ժամանակներից վերածնված այս տեսարանին:

Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիները առաձնանում են նաև Հայոց Եկեղեցու կառավարման ոլորտում արձանագրված հաջողություններով:

Ոչ շատ ժամանակ առաջ էր, երբ երկար տարիների ընդմիջումից հետո գումարվեց Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը, որ կանոնականորեն բարձրագույն կառավարման մարմիններից մեկն է Հայոց Եկեղեցում: Կյանքի կոչվեց Եկեղեցական ներկայացուցչական ժողովը` կազմված հոգևոր դասից և Նվիրապետական Աթոռների ու թեմերի պատվիրակներից: Այս աշխատանքների շնորհիվ մի շարք թեմերում ներդրվել են Հայոց Եկեղեցու կանոնական սկզբունքները հարազատորեն արտացոլող կանոնադրություններ:

Գարեգին Երկրորդի գահակալության 15 տարիներին որակական նոր հարաբերություններ ձևավորվեցին Հայրենի պետության հետ: Եկեղեցական տոնացույցը, որ արտահայտում է հայ ժողովրդի պատմության ազգային- մշկութային կյանքի հանգուցային իրադարձությունները, կարևորությամբ արտացոլվեց պետական տոնացույցում` հաստատելով այն իրողությունը, որ հայոց պետականությունը, լինելով հանդերձ հանդուրժողական այլ կրոնների և հաստատությունների նկատմամբ, որոշապես կրում է ազգային դիմագիծ և առաջնորդվում ազգային արժեքների պահպանության քաղաքականությամբ: Մեր պետության հետ հարաբերությունները արդյունավորված են նաև ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի կողմից Հայ Եկեղեցու մասին առանձին օրենքի հռչակումով` պետության կողմից Եկեղեցուն վերադարձված բազմաթիվ սրբավայրերով, որոնք այսօր ծառայում են մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինությանը: Հայոց պետության հետ հարաբերությունների բարձր մակարդակը վկայված է նաև այսօր այստեղ` ներկայությամբ ՀՀ Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, ՀՀ Վարչապետ Տիար Հովիկ Աբրահամյանի և պետական պաշտոնատար բարձրաստիճան անձանց:

Այսօր մենք փառք ենք մատուցում Տիրոջը, որ հակառակ բազում դժվարությունների, Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդության արդյունքում, կամոքն Աստուծո և նախախնամությամբ մեր Եկեղեցին զորանում է, զորանում է նոր սպասավորներով, նորոգվող և կառուցվող սրբավայրերով, զորանում է հավատացյալների ջերմեռանդ հավատքով ու նվիրումով: Մեր Եկեղեցին զորանում է նաև այս մասունքներով, որ ամփոփված են Սկևռայի նշանավոր այս մասնատուփի մեջ, որը, իբրև ընծա, Հայոց Հայրապետին մատուցվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կողմից, և ավանդաբար ի համբույր պիտի մատուցվի հավատացյալներին գահակալության ամեն տարեդարձի առիթով: Մեր Եկեղեցին և Հայոց Կաթողիկոսը, սիրելի քույրեր և եղբայրներ, զորանում են նաև ձեր աղոթքներով ու սիրով: Հայոց Եկեղեցին ու Հայոց Կաթողիկոսը զորանում են անգամ շատերի անհիմն քննադատություններով ու հանիրավի մեղադրանքներով, քանզի ինչպես ավանդում է մեր ժողովրդի իմաստությունը, «Պտղատու ծառը առանց քար չի մնում»:

Վեհափառ Տեր, այսօր գահակալության Ձեր 15-րդ տարեդարձի առիթով թույլ տվեք հավաքաբար փոխառել Աստծո հետ Ձեր մտերմության հայրապետական բացառիկ Ձեր շնորհը` Տիրոջից միայն Ձեզ զորակցություն հայցելու և աղոթելու Ձեր քաջառողջ արևշատության ու արդյունավոր գահակալության համար: Թող Աստված նորոգի Ձեր մեջ ուժն ու կորովը` նոր իրագործումներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելությունը ի շինություն մեր երկրի և ի մխիթարություն աշխարհասփյուռ մեր ժողովրդի:

Շնորհք, սէր և խաղաղութիւն ընդ մեզ և ընդ ամենեսեանս. ամէն»:

Այնուհետև, նախագահությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվել է Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում ներկաներն աղոթել են Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և արգասավոր հովվապետության համար:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության, Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարերարներ, Մայր Աթոռի պաշտոնեությունը, երիտասարդաց միությունների անդամներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Էօռնեկյան» դպրոցի սաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում