ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները չպետք է որևէ կերպ կապել Արցախի հետ. Արա Հարությունյան

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է  Times.am-ի՝ ՀՀ-ի  և ԼՂՀ-ի  ներքաղաքական, տնտեսական ու  արտաքին քաղաքական ոլորտներին  առնչվող  հարցերին, անդրադարձ է եղել  նաև  ՀՀ-ԼՂՀ ռոումինգ կապին:

– Նախ խոսենք Արցախի տնտեսական զարգացումից, մասնավորապես՝  ի՞նչ ներդրումային ծրագրեր կան, ես տեղյակ եմ, որ խավիարի արտադրության հետ կապված լուրջ ծրագիր կա:

-Բավականին խոշորամասշտաբ ներդրումային ծրագրեր կան առաջիկա տարիների համար, որոնցից մեկն էլ սև խավիարի արտադրությունն է: Բացի դրանից, ակնկալվում են զբոսաշրջությունում ծավալուն նոր ներդրումներ, որոնց մասին մոտակա ամիսներին ավելի հանգամանալից կներկայացվի: Մեկ այլ ռազմավարական ուղղության՝ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսում ենք տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքներ ոռոգովի դարձնել՝ օգտագործելով հիմնականում Սարսանգի ջրային պաշարները: Շարունակվելու են հանքարդյունաբերության և հիդրոէներգետիկայի ոլորտներում կատարվող զարգացման ծրագրերը, որոնք իրենցից ենթադրում են առկա ծավալների ավելացում: Մի խոսքով՝ մեծածավալ ծրագրերը շատ են, և մի քանի տարուց ականատես ենք լինելու դրանց լրջագույն արդյունքներին:

-Տարին ավարտվում է, կխնդրեի նշեիք տնտեսական դաշտում կարևորագույն ձեռքբերումը Արցախի կառավարության:

-Կարևորագույն ձեռքբերումը, անխոս, ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճի ապահովումն է՝ անկախ խիստ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսությունում գրանցված զգալի անկումից: Դա հնարավոր դարձավ տարիների ընթացքում տնտեսության դիվերսիֆիկացման շնորհիվ, ինչը նվազեցրեց կայուն աճի ապահովմանը խոչընդոտող անորոշությունների ու ռիսկերի ազդեցությունը: Նաև այդ աճի շնորհիվ կառավարությունն ի վիճակի եղավ կտրուկ կերպով բարձրացնել աշխատավարձերի և սոցիալական վճարների հիմնական մասի չափը:

– Քանի որ անկախ ամեն ինչից Արցախը կապված է Մայր Հայրենիքի հետ և օրենքներն ըստ էության, համաձայնեցվում են կամ հարմարեցվում, ԵՏՄ-ին անդամակցումից հետո Արցախի համար ի՞նչ հեռանկարներ եք տեսնում, ասում են, որ հնարավոր է լինելու տեղի արտադրանքը ՀՀ-ի անվան տակ 170 միլիոնանոց ԵՏՄ շուկա հանել:

-Իհարկե, դա հիմնական հնարավորություններից մեկն է, ինչը խթանելու է տեղական արտադրանքի և դրա արտահանման ծավալների աճը: Մեկ այլ հնարավորություն է ներկրվող որոշ ապրանքատեսակների գների նվազումը, որին զուգահեռ, բնականաբար, գնաճ էլ է գրանցվելու այլ խմբի ապրանքատեսակների մասով: Սա նշանակում է, որ, բացի հնարավորություններից, նաև մարտահրավերների ենք առերեսվելու, որոնց դիմակայելու ուղղությամբ աշխատում ենք՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ:

-Ի դեպ, Ռիժկովի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Ղրիմը ռուսական պատմական հող է, իսկ Ղարաբաղի կարգավիճակը դեռ պարզ չէ: Եթե ժամանակին Հայաստան-Արցախ միացման ակտը գործի դրվեր, նման խնդիրներից կխուսափեի՞նք:

-Թե Ղրիմն ինչ հող է, դա իմ խնդիրը չէ, սակայն Արցախի հայապատկանելիությունը քննարկման ենթակա չէ, ինչը նույնիսկ ապացուցելու կարիք չկա՝ ապացույցների առատության ու ակներևության պատճառով: Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ արարել է այս հողի վրա և, անկախ ցանկացած մակարդակից եկող ցանկացած կարծիքից, ապագայում էլ իր սեփական քրտինքով իր քարերից հաց է քամելու: Ինչ վերաբերում է միացման ակտին, ապա համոզված եմ՝ Արցախի ներկա կարգավիճակն էական նշանակություն չունի այս կամ այն պետության քարոզչության կազմակերպման գործում, քանի որ ցանկացողը միշտ էլ կարող է գտնել առիթը:

-Մենք անընդունելի ենք համարում և բացառում ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետը, մինչդեռ ԼՂՀ մտնելիս ռոումինգ է գործում:

-Ռոումինգի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործում են տարբեր օպերատորներ, ինչը նշանակում է, որ նրանց միջև գործում են առևտրային հարաբերություններ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նմանատիպ խնդիրներ գոյություն չունենային, սակայն երբեմն Արցախի իրավական կարգավիճակի պատճառով հնարավոր չի լինում ՀՀ-ում գործող միջազգային ձեռնարկությունների (ինչպիսին ՀՀ օպերատորներն են) ծառայություններից ուղղակի կերպով օգտվել:

-Արցախում կադրային վերադասավորումներ և փոխատեղումներ են,  ինչո՞վ է սա պայմանավորված: Կարծիք կա, որ սրանք այսպես ասած՝ նախընտրական քայլեր են և Արցախում նախագահական ընտրությունների պատրաստություն են տեսնում, անգամ արդեն անուններ են շրջանառվում՝ Արշավիր Ղարամյան և այլն: Ավելին, կարծիք կա, որ փորձ է արվում խոչընդոտել Արկադի Ղուկասյանի վերադարձը:

-Կադրային փոփոխությունների իրականացումը սովորական գործընթաց է, որը նպատակ է ունենում բարձրացնել տվյալ կառույցի գործունեության արդյունավետությունը: Ահա դրանով էլ պայմանավորված էին վերջին փոփոխությունները՝ ամենևին կապ չունենալով որևէ ընտրության հետ: Առավել ևս՝ նախագահական ընտրություններին դեռևս շուրջ երեք տարի կա, և Արցախի պաշտոնյաները լծված են իրենց վրա դրված պարտականությունների լավագույնս իրագործմանը:

-Ամիսներ առաջ Times.am-ի հարցին ի պատասխան Դուք բացառեցիք Ձեր առաջադրվելը, դեռ այդ որոշմա՞նն եք:  Ի դեպ, ՀՀ ծագումով արցախցի նախագահներից որևէ մեկի հնարավոր առաջադրմանն ինչպե՞ս կվերաբերեն Արցախում:

-Ես միշտ այն մտքին եմ եղել, որ պետք է առավելագույն արդյունավետությամբ արդարացնել քեզ իրավունքներ ու պարտականություններ լիազորած անձանց ու ժողովրդի սպասումները: Ահա այդ սկզբունքով եմ շարժվում և՛ նախկինում, և՛ հիմա, քանի որ այժմ իմ պարտականությունը հանրապետության զարգացման ապահովումն է: Իսկ ապագա քայլերիս մասին կմտածեմ, երբ դրա ժամանակն ու կարիքը լինի:  Նախագահի ընտրությունը քաղաքացիների որոշելիք հարցն է, իսկ ես կարող եմ միայն անձնական կարծիք հայտնել այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ:

-Վերջին ժամանակներում կարծես Արցախում ընդդիմադիր շարժումներ են  բարձրանում, սա ինչո՞վ եք պայմանավորում:

-Արցախում ընդդիմադիր ձայնի դրսևորման դեպքեր միշտ էլ եղել են, ինչը ժողովրդավարական պետության ցուցիչներից մեկն է: Ուրիշ հարց է, որ վերջերս գրանցվել են նոր մեթոդների կիրառման դեպքեր: Ինձ համար բոլոր օրինական մեթոդներն ընդունելի են, և կառավարությունն առավելագույնս բաց է ցանկացած կարծիքքի և քննադատության արտահայտման համար՝ պատրաստ լինելով ցանկացած  տեսակետ օգտագործել մեր հայրենիքի բարգավաճման գործում:

-Հետևո՞ւմ եք ՀՀ-ի ներքաղաքական կյանքին, այստեղ իշխանափոխության պահանջներ են հնչում, ընդ որում՝ այդ գործիչներից ոմանք սկսեցին Արցախ այցելել,  ի՞նչ ազդեցություն ունի ՀՀ-ի ներքաղաքական դաշտը Արցախի վրա:

-ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները, իմ խորին համոզմամբ, չպետք է որևէ կերպ կապել Արցախի հետ, մանավանդ եթե դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ: Բարեբախտաբար, ՀՀ քաղաքական ուժերը բավականին խոհեմ են այդ համատեքստում և հիմնականում զերծ են մնում Արցախի հետ կապված հարցերի շահարկումից: Իսկ առհասարակ պետք է հասկանալ, որ ՀՀ-ի կայունությունն ու զարգացումը բխում է բոլորիս՝ այդ թվում Արցախի բնակչության շահերից: Սա է  ներքաղաքական գործընթացների և Արցախի միջև կապը:

-Սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սկսվել, խորհրդարանական համակարգի ազդեցությունից և անհրաժեշտությունից կուզեի խոսեիք, հնարավո՞ր է Արցախն ընդօրինակի այս փորձը, եթե այն իրականություն դառնա:

-Նախ, թույլ տվեք այդ գործընթացը հասնի որոշակի հանգրվանի, նոր խոսենք Արցախի վրա դրա հնարավոր ազդեցության մասին: Իսկ, ընդհանուր առմամբ, Արցախն ունի իր առանձնահատկությունները, որոնք կարող են վճռորոշ լինել կառավարման համակարգի ձևի ընտրության հարցում:

-Ամփոփելով  չանտեսենք  ԼՂՀ հիմնախնդիրը,  բանակցային գործընթացում բեկման հիմք տեսնո՞ւմ եք, Արցախը ե՞րբ անմիջական մասնակիցը կդառնա, գուցե ուշացե՞լ ենք այդ հարցում:

-Իրատես լինելու պարագայում, պետք է փաստել, որ Արցախը երկու դեպքում կարող է բանակցային գործընթացի անմիջական կողմ դառնալ: Առաջին՝ եթե Ադրբեջանը կորցնելու լինի ավելին, քան կարող է կորցնել այն դեպքում, եթե Արցախը ճանաչի որպես բանակցային կողմ: Սա սովորաբար հնարավոր է լինում պատերազմական փուլում, որն, ըստ էության, ավարտվել է, և Բաքուն հարկադրված չէ գնալու զիջման: Երկրորդ՝ եթե Ադրբեջանում փոխվի հակամարտության նկատմամբ առկա մտայնությունն ու մտածողությունը, ինչն, ըստ ամենայնի, նշանակում է նաև իշխանության ու համակարգի փոփոխություն: Այս երկրորդ տարբերակի մասով էլ իրական հավանականություն չեմ տեսնում մոտակա տարիներին: Հետևաբար, չեմ կարծում, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում կհամաձայնի Արցախի ուղղակի մասնակցությանը բանակցային գործընթացին:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում