Իդեոլոգիա չկա. դանակը պիտի հասնի ոսկորին, մի քիչ էլ խազի, որ համախմբվենք. Տեր Կորյուն

Times.am-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ  զորքերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանի հետ, ում կերպարի հետևում` մտավորական զինվոր, «ուժեղ ձեռք» ունեցող  սպասավոր է թաքնված, ով զինվորին ու սպային «դարձի» բերելու իր մեթոդներն ունի:

Տեր Կորյունը մարտական ոգով և ազգային  արժանապատվության գիտակցությամբ, խիստ, պահանջկոտ հոգևորական է, բայց  ամենից առաջ` զինվոր: Բանակում  հոգևոր ծառայության համակարգը  ներդրվել է 1997-ին, իսկ  ՀՕՊ զորքերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանի կապը զինվորականության հետ  եղել է շատ ավելի վաղ, երբ անգամ կանոնավոր բանակ չունեինք. 1988 թվականի օգոստոսին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, իսկ 1989-ին ինքնակամ  մեկնում է Արցախ, որտեղ հոգևոր սպասավորությանը զուգահեռ մասնակցում է մարտական գործողություներին: Մինչ այդ արդեն ավարտել էր Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժինը, աշխատել Էջմիածնի շրջանային մշակույթի բաժնում՝ որպես Մուսալեռ գյուղի մշակույթի տան տնօրեն, Էջմիածնի ժողովրդական թատրոնում  կերտել է տարբեր դերեր, եղել է նաև էքսկուրսավար և Էջմիածնի Մայր տաճարում՝ որպես լուսարարապետի օգնական: Հրադադարից հետո  Ստեփանակերտում և ՌԴ–ում ստանում է իրավաբանի բարձրագույն կրթություն: Այժմ ինչպես նշեցինք՝ նրան վստահված է ՀՕՊ զորքերում հոգևոր  սպասավորությունը:

Մի առիթով Տեր Կորյունը պատմեց, որ մասնակցում է նաև տագնապներին. «Տագնապը կես պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ որտեղ պիտի լինի հոգևորականը, եթե ոչ զինվորի կողքին»: ՀՕՊ զորքերի հոգևոր սպասավորն անգամ կրակային պատրաստության պարապմունքներին է մասնակցում` սքեմի տակից  զինվորականի համազգեստ հագած: «Սեփական օրինակով զինվորի մեջ պիտի հայրենասիրություն ու հայրենիքը պաշտպանելու ցանկություն ու նախանձախնդրություն առաջացնես: Եղել է, որ տեսել եմ զինվորը կամ սպան լավ չի կրակել, ձեռքս եմ վերցրել զենքը ու ասել.«Այ սենց պիտի կրակեն, սովորեք»,-զրույցների մեկի ժամանակ պատմեց նա:

-Վաղուց չենք հանդիպել, ինչպե՞ս եք, ի՞նչ դրական փոփոխություններ եք տեսնում  բանակում, հատկապես,  բարոյահոգեբանական դաշտում: Այս տարի, փառք Աստծո, ինքնասպանությունների նվազում է նկատվում, ինչո՞վ եք սա պայմանավորում՝ զինվորների հոգևոր, հոգեբանական  դիմադրողականությո՞ւնն է բարձրացել, ինչը քաղաքացիական կյանքում ոնց որ թե չի երևում:

-Բանակում կյանքը նույնն է, ինչպես քաղաքացիական կյանքում, այսինքն՝ սպան, զինվորը նույն այս հասարակության մարդիկ են: Հետևաբար, մեզ համար երեխայի կամ սպայի հետ աշխատելու հարցում որևէ տարբերություն չկա: Ինչ վերաբերում է բանակայինի խնդրին, անշուշտ, մեր աշխատանքն ազդում է իրենց բարոյահոգեբանության  վրա.  ավելի հայրենասեր են դառնում,  ավելի մարտունակ են լինում,  ավելի  սրտացավ են լինում պետության կայացման ու պաշտպանության  հարցում, որովհետև  հասկանում են  պաշտպանում են  իրենք  իրենց, իրենց ծնողներին, իրենց տունը, փողոցը, քաղաքը, գյուղը և  այսպիսով  երկիրը: Դրա համար երբ խոսում եմ  անգամ քրիստոնեական տոներից, ես դնում եմ արժեքների վերարժևորման հարցը՝ ո՞վ ենք, ո՞ւր ենք գնում: Այստեղ պիտի ասեմ, որ բանակում քահանայի ներկայությունը հայ զինվորի մեջ ձևավորում է նաև ընկերոջն օգնելու, սատար կանգնելու ամուր գաղափարախոսություն:  Այսինքն՝ զինվորը ոչ միայն պտտվում է իր անձի շուրջ, այլ սկսում է պտտվել նաև իր ընկերոջ անձի շուրջ, ինչի ականատեսն էինք  ազատագրական պայքարի ժամանակ: Պատերազմի ժամանակ երբ  մեկը  տեսնում էր, որ ընկերը վիրավոր է, անձնուրացաբար գնում, փրկում էր իր  ընկերոջը, և ինքը՝ զոհվում: Մենք չենք քարոզում՝ գնա զոհվիր հայրենիքի համար, ոչ. մենք քարոզում ենք գնա և  ապրիր հայրենիքի համար:

-Դասագրքային կամ բաժակաճառային հայրենասիրությամբ կարո՞ղ ենք ունենալ  լավ հայ, լավ զինվոր: Ըստ Ձեզ՝  հայրենասիրություն ասվածը շատ չե՞նք շահարկում, արժեզրկում, արդյո՞ք լավագույն դաստիարակը անձնական օրինակը չէ՝ ուսուցչի, ծնողի, հրամանատարի, պաշտոնյայի և այլն:

-Օրինակներն են, անշուշտ: Երբ արժեքների վերաձևակերպում է տեղի ունենում, դառնում է ամեն ինչ զրոյական: Արժեքների վերաձևավորման հետևանքով մենք երրորդ մասում ունենք աղջիկների հոծ բազմություն, տրվում ենք Եվրոպային: Ավելի ճիշտ՝  մենք չվերցրեցինք Եվրոպայից լավը, օրինակ, փոխանակ փողոցը  մաքուր պահելըը, ճարտարապետությունը պահելը վերցնեինք, վերցրեցինք ազատ կամքի դրսևորման «արժեքը»,  երբ միտք է առաջանում  ՀՀ-ում  կազմակերպել գեյ շքերթ: Մենք վերցրեցինք Եվրոպայի թափոնը, ոչ թե արժեքը, իսկ սա առաջին հերթին  հարվածում է ընտանիքին, ընտանիքի գաղափարին:  Ասում է՝  սպասի դառնամ  18 տարեկան, հետո տեսնեմ՝ տղա՞ եմ,  թե՞  աղջիկ:

-Սա, իսկապես, վտանգավոր է, այն էլ  չավարտված պատերազմի մեջ գտնվող և մեզ նման փոքր երկրի համար: Բայց Հայաստանի նման երկրի դեպքում, երբ միակ ռեսուրսը մարդն է, վտանգավոր և կործանարար է նաև արտագաղթը:

-Վտանգավոր է, այո: Սոցիալական պայմանները մարդկանց ստիպում են գնալ՝ լաց լինելով,  որովհետև ապրելու հնարավորություն չունեն: Ես չեմ մեղադրում, շատերի հետ եմ զրուցել, ասում են՝ ի՞նչ անեմ, ընտանիքս պիտի պահեմ: Սոցիալական, տնտեսական   լավ երկրից չեն գնում, բայց այդ լավ երկիրը կայացնողներն էլ ենք մենք:

-Շարքային քաղաքացին այսօր զրկված չէ՞ տեր լինելու իրավունքից, այսինքն՝ նա կարող է ինչ-որ բան փոխել, քանդել, նորը կառուցել:

-Բնականաբար, գեղ կանգնի՝ գերան կկոտրի: Այլ հարց է, որ պատերազմի ժամանակ  հստակ իդեալոգիա կար, թե ինչ ենք անում և ինչի համար: Այսօր կարծես թե դա չկա: Այսինչներն ասում  են՝  սա է ճիշտը, իսկ  մյուսները  սխալ են, մյուսներն էլ ասում են՝ մենք ենք ճիշտ, այսինչներն են սխալ: Չասեմ իշխանական, չիշխանական, բայց մեր այրերն այսօր զրկված են լսելու ունակությունից,  չեն լսում  միմյանց, թե  բերեք լսենք սա լավ բան է ասում:

-Հուլիս-օգոստոսյան լարվածությունը սահմանին մի տեսակ համախմբեց մեզ, այսինքն՝ մենք համախմբվում ենք, երբ հստակ վտանգ, սպառնալիք ենք զգում:

-Հա, դանակը պիտի հասնի ոսկորին, մի  քիչ էլ  խազի, որ համախմբվենք:

–Տեր Կորյուն ևս մեկ հարց՝  այս օրերին Արցախում ընթանում է  Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների  դատավարությունը, որոնցից մեկի նկատմամբ 17-ամյա  հայ տղայի սպանության մեղադրանք կա, հիմա այս ֆոնին ոմանք ասում են՝ գնդակահարել, ոմանք պահանջում իրավական պատիժ: Ձեր դեպքում  հայի վրեժխնդրության և  հոգևորականի կոչման բախումներ չե՞ն լինում:

-Շատ ծավալուն հարց է և իմ ցավոտ տեղերից մեկը: Երբեմն իմ անձը և  կոչումն ու  պարտականությունն իրար դեմ են դուրս գալիս: Մի անգամ Պարգև Սրբազանին հարցրեցի,  թե ոնց մոռանամ,  երբ  թուրքերն իմ  ցեղից,  ընտանիքից  մարդկանց են մորթել,  ես վանեցի եմ, նա  պատասխանեց՝ աղոթեք, որ Աստված  թշնամուդ իմաստություն և խելք  տա, որ դադարի թշնամություն անել: Երևի պիտի այս ուղղությամբ  աշխատենք: Իհարկե, չմոռանանք, որ Աստված չի ասել՝ զենք չվերցնել, Հիսուսը, երբ նրան եկան տանելու իր աշակերտին ասեց՝  զենքդ դիր տեղը, իսկ դրա տեղը պատյանն է, այսինքն՝ լինել միշտ պատրաստ՝  դիմադրելու  հակառակորդին:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում