Եռյակը՝ լրջագույն ներքին փոփոխությունների շեմին

Եռյակը՝ լրջագույն ներքին փոփոխությունների շեմին

Վերջին տասնօրյակում Եռյակի պայքարը թևակոխեց նոր փուլ. շարժման վերելքի շրջանին արդեն փոխարինում է լճացման ու Եռյակի ներսում տարաձայնությունների հասունացման շրջանը:

Օրեր առաջ հրապարակվեց ԲՀԿ-ի քաղխորհրդի որոշումը, որտեղ նշվում էր, որ ԲՀԿ-ի մարզային գրասենյակները վերածվում են համաժողովրդական շարժման շտաբների և որևէ կոնկրետ խոսք չկար առաջիկա հանրահավաքների մասին:

Մինչդեռ, տրամաբանական էր, որ համաժողովրդական շարժման շտաբներ պետք է դառնային եռյակի բոլոր երեք կուսակցությունների գրասենյակները, եթե նույնիսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ԲՀԿ-ից անհամեմատ քիչ տարածքային գրասենյակներ ունենային: Բացի այդ, ԲՀԿ-ն դրանով եռյակի մյուս ուժերին կանգնեցնում է փաստի առաջ, նրանց «ստիպելով» անցում կատարել տարածքային շտաբների միջոցով դիրքային պայքարի:

ԲՀԿ քաղխորհրդի այս որոշումը ցույց է տալիս, որ, նախ, այն ընդունվել է սեպարատ, առանց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» համաձայնության, երկրորդ, որ դրանով ԲՀԿ-ն իր ձեռքն է վերցնում եռյակի թե գլխավորումն ու կոորդինացումը, թե հիմնական աշխատանքների կազմակերպումը: Այսինքն՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը դառնում են ընդամենը ԲՀԿ-ին միացած ուժեր ու շարժվում են ԲՀԿ-ի միայնակ ընտրած մարտավարությամբ, ինչը նրանց կողմից, համոզված կարելի է ասել, որ անընդունելի է: Հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք հանդես չի եկել որպես գործընթացի երկրորդ դեմք:

Հետևաբար, այս զարգացումները պետք է տրամաբանական հակազդեցության հանգեցնեին ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կողմից: Արդյունքում, ամենայն հավանականությամբ նորից սեպարատ որոշմամբ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» քաղաքապետարանին իրազեկեցին նոյեմբերի 21-30-ին շուրջորյա հանրահավաքներ անցկացնելու մասին: Այս քայլով էլ նրանք ԲՀԿ-ին կանգնեցրին փաստի առաջ՝ ստիպելով նշված օրերին մասնակցել հանրահավաքներին:

Երեկ էլ ՀԱԿ-ը հայտարարություն տարածվեց, որտեղ երրորդ կետում մասնավորապես նշվում էր. «Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:

Այսպիսով պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև մարտավարական սկզբունքային տարաձայնություններ են առաջանում: Եթե ԲՀԿ-ն կողմնակից է դիրքային ու տևական պայքարի, ապա ՀԱԿ-ը ցանկանում է հրապարակային ակցիաների միջոցով հնարավորինս արագ մեծացնել ճնշումը իշխանությունների վրա:

Իսկ «Ժառանգություն»-ը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել: Վերջինս արտաքին քաղաքականության հարցերում առանցքային տարաձայնություններ ունի ՀԱԿ-ի հետ, իսկ ներքաղաքական պայքարի առումով կարելի է ենթադրել, որ չի կիսում ԲՀԿ-ի՝ միայն դիրքային պայքարի անցնելու դիրքորոշումը: Այսպիսով, առաջիկայում Եռյակի ներսում պետք է սպասել լրջագույն փոփոխությունների՝ թե Եռյակում գլխավորողի տեղի համար պայքարի, թե առաջիկա մարտավարության ընտրության, թե առհասարակ եռյակի պահպանման հարցերում:

Վահան ԿԱՆԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում