Վանական համալիրների վերականգնմանը կուղղվի 30 մլն դրամ

Վանական համալիրների վերականգնմանը կուղղվի 30 մլն դրամ

ՀՀ մշակույթի նախարարությունն առաջարկում է ՀՀ 2014 թ. պետբյուջեում Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքային համալիրի Սբ. Նշան եկեղեցու և Վայոց ձորի Խաչիկ գյուղի Քարկոփի (Խոտակերաց) վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքների համար նախատեսված 15-ական մլն դրամը վերաբաշխել այլ վանական համալիրների վերականգնմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկվում է գումարներն ուղղել Տավուշի մարզի Գոշ գյուղի Գոշավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու (9 մլն դրամ), Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սբ Աստվածածին, (2մլն դրամ), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ Հովհաննես (13 մլն դրամ) և Լոռու մարզի Քոբայր գյուղի Քոբայրավանք եկեղեցիների (6 մլն դրամ) վերակագնմանն ու ամրակայմանը:

«Որոշման ընդունումը պայմանավորված է Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքային համալիրի սբ Նշան եկեղեցու և ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Քարկոփի (Խոտակերաց) վանքի Սբ Աստվածածին եկեղեցու մասնակի վերականգնման և ամրակայման շարունակվելիք վերականգնողական աշխատանքերի համար պահանջվող համապատասխան շահագործվող քարհանքի բացակայության պայմաններում նոր քարատեսակի և քարի երանգի ընտրության անհնարինությամբ, ինչը վերջին 2-3 տարում պատճառ է դարձել ֆինանսական միջոցների կորստի (ձեռք է բերվում ավելի թանկ քար, որն իր ֆիզիկական հատկություններով և գունային երանգներով մասնակի է համապատասխանում հուշարձանների իրական քարատեսակին): Վերոնշյալ հուշարձանների վերականգնման և ամրակայման 2014 թվականի աշխատանքների ձեռքբերման մասով սույն թվականի մայիսի 20-ին «ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14/69» ծածկագրով հայտարարված մրցույթը չի կայացել: Չի կայացել նաև ՀՀ Վայոց ձորի Քարկոփի վանքի վերականգնման և ամրակայման 2014 թվականի աշխատանքների ձեռքբերման մասով սույն թվականի օգոստոսի 12-ին «ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14/85» ծածկագրով վերահայտարարված մրցույթը: Նշված հուշարձանները հիմնականում գտնվում են բարձրադիր գոտում, և դրանց վերականգնման աշխատանքների իրականացումն արդեն հոկտեմբեր ամսվա վերջից գործնականում դառնում է անհնարին»,- նշված է կառավարության նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում