Ադրբեջանական մամուլը բացահայտում է իրենց պետական քարոզչության սուտը

Ադրբեջանական մամուլը բացահայտում է իրենց պետական քարոզչության սուտը

«Շարունակաբար մեր դիրքերի վրա մարտական մանևրներ կատարող թշնամու ռազմական ավիացիան այսօր ավելի բացահայտ կերպով մարտական կուրս դուրս գալով` մեր դիրքերի վրա կրակ բացելու փորձ է կատարել»։

Մեջբերված նախադասությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունից է։ Ինչպես տեսնում ենք, հակառակորդը, մեկնաբանելով հայկական ուղղաթիռն իրենց կողմից խոցելու փաստը, փորձում է ապացուցել, իբր հայ օդաչուներն ադրբեջանական դիրքերի վրա կրակ բացելու փորձ են կատարել։

Մինչդեռ ավելի ուշ նույն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տեսանյութ է տարածվել, որտեղ հստակ երևում է, թե որտեղ և ինչ պայմաններում է թշնամին խոցել հայկական ուղղաթիռը։ Կես րոպե տևողությամբ այդ հոլովակում երևում է, որ ադրբեջանցիների նշանառության տակ հայկական երկու ուղղաթիռ էին գտնվում, որոնք թշնամու դիրքերից մոտ երկու կիլոմետր հեռավորությամբ շրջադարձ էին կատարում։ Դատելով տեսանյութից` ադրբեջանցի զինվորականները սպասում էին ուղղաթիռների թռիչքին` պատրաստվելով խոցել դրանք։ Ընդ որում, ակնհայտ է, որ հիշատակված ուղղաթիռներն ադրբեջանական դիրքերի վրա կրակ բացելու որևէ փորձ չեն կատարել։ Ավելին, ինչպես արդեն նշեցինք, թշնամու դիրքերից մեր ուղղաթիռները գտնվում էին մոտ երկու կիլոմետր հեռավորությամբ։ Եվ ահա, երբ զենքն ու տեսախցիկը պատրաստ էին գործարկվելուն, ադրբեջանցիներն այդ հեռավորությունից կրակում են միմյանց ետևից թռչող երկու ուղղաթիռների ուղղությամբ և խոցում ետևից ընթացող ուղղաթիռը։ Տեսանյութում պարզ երևում է ուղղաթիռի խոցման պահը և այն փաստը, որ հայկական ռազմական մեքենան ոչնչացվել է ադրբեջանցիների կողընթաց կրակից։

Ադրբջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութը նախևառաջ բացահայտում է հենց իրենց պաշտոնական քարոզչության սուտն ու հերյուրանքը ։ Թշնամին ինքն է ապացուցել, որ հայկական օդուժը չի խախտել Ադրբեջանի օդային սահմանը և, առավել ևս, չի փորձել կրակել նրանց դիրքերի վրա։ Այսպիսով, փաստորեն, նրանք ակամայից իրենց վրա են վերցրել տեղի ունեցածի և դրան հետևող հնարավոր բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում