Կիպրոսը պատրաստ է մշտապես աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության հարցում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամ ական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը միջպետական փոխհարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման գրավականն են:

Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում՝ նշելով, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու հարցում:

Անդրադառնալով տարբեր միջազգային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը՝ ՀՀ ԱԺ նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Եվրախորհրդարանում ներկայացված կիպրոսցի պատգամավորների դիրքորոշումների, մասնավորապես, տիկին Էլենի Թեոխարուսի հայանպաստ գործունեության համար: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում՝ կարեւորելո վ այդ խնդիրների լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գալուստ Սահակյանն անդրադարձել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի կործանմանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ կարգավորման գործընթացի ձախողմանն ուղղված Ադրբեջանի փորձերը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության Բացարձակ տնտեսական գոտում ծավալված գործունեությունը՝ գնահատելով դա որպես միջազգային իրավունքի նորմերի նենգ ոտնահարում:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Երեւանում անցկացվելիք միջոցառումների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա Յանակիս Օմիրուին եւ Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ Կիպրոսի հայ համայնքի մասին՝ բարձր գնահատելով կիպրոսցիների ջերմ վերաբերմունքը Մեծ եղեռնից մազապուրծ հայերի եւ նրանց սերունդների նկատմամբ:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկու երկրների դարավոր բարեկամությանը եւ աստիճանաբար սերտացող հարաբերություններին: Յանակիս Օմիրուն ներկայացրել է Կիպրոսում տիրող իրավիճակը՝ որակելով Թուրքիայի ներխուժումը Բացարձակ տնտեսական գոտի որպես միջազգային իրավունքի կանոնների խախտում: Ըստ պարոն Օմիրուի՝ Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը ողջ տարածաշրջանում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Յանակիս Օմիրուն նշել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանին եւ հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է, որ պատրաստակամ է մշտապես աջակցելու Հայաստանին ԵՄ հետ համագործակցության սերտացման գործում:

Հանդիպման ավարտին Յանակիս Օմիրուն գրառում է կատարել Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում