Կարմիր խաչից հավաստիացնում են, որ խոցված ուղղաթիռի հարցը կառույցի ուշադրության կենտրոնում է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել խոցված ուղղաթիռի հարցն ու կազմակերպության` Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում գտնվող գրասենյակներն այդ հարցի առնչությամբ աշխատանք են իրականացնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ կառույցը դեռեւս նոյեմբերի 13-ին ստացված պաշտոնական դիմումից հետո գործին ընթացք է տվել: «Կարմիր խաչն ըստ ընթացակարգի եւ իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանք, որպեսզի ապահովի երկխոսություն` Երեւանի եւ Բաքվի միջեւ խոցված ուղղաթիռի աձնակազմի ճակատագրերի մասին տեղեկատվություն ստանալու առնչությամբ»,- ասաց Զառա Ամատունին:

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ ղարաբաղյան կողմը երկրորդ անգամ է պաշտոնական նամակով դիմում կազմակերպությանը, Ամատունին ասաց, որ անկախ հանգամանքից, թե կողմերը քանի անգամ կդիմեն, իրենք ըստ ընթացակարգի իրականացնում են իրենց աշխատանքը:

Անդրադառնալով Կարմիր խաչին ուղղված քննադատությանն ու ձեւակերպումներին, որ կառույցը մատնված է անգործության, Ամատունին ասաց, որ աշխատանքն ու ձեւաչափն այնպիսին է, որ իրենց գործունեության մանրամասները հասարակությանը չի ներկայացվում եւ թերեւս դա է պատճառը, որ նման թյուր տեսակետ է կազմվել:

«Կարմիր խաչի Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի գրասենյակները շարունակում են աշխատել, որպեսզի խնդրի առնչությամբ կարողանան կողմերը գալ որեւէ տեսակետի: Քննարկումները ընթացքի մեջ են, երկխոսությունը շարունակվում է»,- ասաց Զառա Ամատունին` հավելելով, որ ընթացակարգերն եւ բանակցությունների փուլերը չի կարող մանրամասնել:

Նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:

Նոյեմբերի 18-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես կրկին դիմել է ԿԽՄԿ-ին որպեսզի քայլեր ձեռնարկեն Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական օդուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մասին տեղեկություն ստանալու համար: Նման դիմում ԼՂՀ ղեկավարությունը ԿԽՄԿ-ին ներկայացրել էր նաեւ նոյեմբերի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում