Կառավարությունը նախատեսում է կարգավորել հանրային դրամական պահանջների գործերով բացերը

ՀՀ կառավարությունը նախատեսում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը: Ազգային ժողովը քննարկում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ ներկայումս հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա: «Թեեւ տվյալ կարգավորումը լիովին իրավաչափ է, այնուամենայնիվ, առավել նպատակահարմար կարող է լինել որոշակի դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար դատական ընթացակարգի նախատեսումը»,- «Արմենպրես»-ի հաղ որդմամբ՝ նշեց Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ այդպիսի դեպքեր կարող են լինել, երբ, օրինակ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից, քանի որ նշված դեպքում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետեւանքների: «Այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում ապահովել անձի իրավունքների պաշտպանության առավելագույն երաշխիքներ, իսկ այդպիսիք կարող են ապահովվել հատկապես դատական կարգով իրականացվող ընթացակարգում: Ուստի, կոնկրետ դեպքերում հանրային իրավական դրամակա ն պահանջների կատարումը դատական կարգով կարող է արդարացված լինել»,- նշեց Մկրտչյանը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալն ընդգծեց, որ նկատի ունենալով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու հանրային իրավական դրամական պահանջների կատարման առանձնահատկությունները: «Նախագծով սահմանվել են որոշ հիմքեր, որոնց առկայության դեպքում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման դատական կարգով»,- հայտնեց նա:

Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը, ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր է ապահովել միայն նրան սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձմամբ, իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Նախագծով սահմանվել է նաեւ վարչական մարմնի պարտականությունը՝ դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս կցել ոչ միայն վարչական ակտը, այլեւ այն հասցեատիրոջ կողմից ստանալը հավաստող, վարչական ակտի ուժի մեջ մտնելը եւ անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում