Իրաքյան Քրդստանում պայթյունից տուժել է ավելի քան 3 տասնյակ մարդ

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Արբիլում նոյեմբերի 19-ին հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 29-ի: Մահապարտ-ահաբեկչի վարած մեքենան պայթել է Արբիլ քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի մոտ: Բացի մարդկային վնասներից, շրջակայքը մեծ նյութական վնասներ է կրել: Զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ քաղաքապետարանի պահակը: Ավելի վաղ հայտարարվել էր 2 զոհի մասին:

Դիյալայի մարզային խորհուրդը նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ վերաբացվել է Ալ Միկդադիա-Խանիկին ճանապարհը: Այն ազատագրվել է «Իսլամական պետությունից»: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Բայջիի նավթավերամշակման գործարանն այժմ գտնվում է իրաքյան ուժերի հսկողության տակ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ բեշմերգի ուժերը միջազգային դաշինքի օդանավերի օգնությամբ հարձակումներ են իրականացրել Քիրքուք քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերի վրա: Ահաբեկիչները զգալի վնասներ են կրել:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

Քրդական և իրաքյան ուժերը հնարավոր միջոցներ են ձեռնարկում՝ փորձելով իրենց հսկողության տակ վերցնել ԻՊ-ի գրաված տարածքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում