ՀՀԿ ԳՄ նիստում փոխվարչապետի նշանակման հարց չի քննարկվել

ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նիստի ընթացքում քննարկվել է փոխվարչապտի նշանակման հարց: «Նիստի ընթացքում փոխվարչապետի նշանակման հարցը, և, ընդհանրապես, կադրային հարցեր չեն քննարկվել»,- նշել է Շարմազանովը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ ուշանում է փոխվարչապետի նշանակումը, Շարմազանովը խորհուրդ տվեց «դանդաղ շտապել»: «Մի շտապեք: Դանդաղ շտապեք: Երբ որ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի և նա կնշանակվի: Սակայն, այս պահին գործադիր մարմնի նիստում փոխվարչապետի նշանակման հարց մեր օրակարգում չի եղել»,- հայտնեց Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ հերթական նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր: Քննարիկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր: Շարմազանովը հիշեցրեց, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ներառել է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: ՀՀԿ ԳՄ նիստում Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ 2015թ. պետական բյուջեի վերջնական քննարկման և ընդունման հետ կապված հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում