Ռուսաստանյան մամուլը քննադատել է Էրդողանին

Ռուսաստանյան մամուլում խիստ քննադատության պատճառ է դարձել «Կին եւ արդարություն» առաջին միջազգային գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունն այն մասին, որ «կին-տղամարդ հավասարությունը հակասում է բնությանը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսաստանյան մամուլը Էրդողանի այդ հայտարարությունը գնահատել է որպես կանանց իրավունքների ոտնահարում:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթն իր` «Թուրքիայի նախագահը կանանց եւ տղամարդկանց իրավունքները հավասար չի գտնում» վերնագրով հոդվածում նշել է, որ չնայած Թուրքիան խորհրդարանական հանրապետություն է, սակայն, Էրդողանը փոխել է կառավարման համակարգը եւ դժվար է հասկանալ, թե դա ինչ ավարտ կունենա:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթն էլ իր «Էրդողան. կանանց հավասարություն պետք չէ» վերնագրով հոդվածում հումորով է վերաբերվել Թուրքիայի նախագահի այդ հայտարարությանը:

Ռուսաստանի «Վեստի» պետական հեռուստաալիքն ավելի խիստ է արձագանքել: Հեռուստաալիքի պաշտոնական կայքում հրապարակված` «Նախագահը նեղացրել է կանանց» վերնագրով հոդվածում խիստ քննադատություն է հնչել Էրդողանի հասցեին:

«Գազետա.ռու» կայքը Էրդողանի այդ ելույթը կապել է ֆեմինիզմի հետ: «Թուրքիայի նախագահը դեմ է ֆեմինիզմին», -գրել է կայքը:

«ՌԻԱ Նովոստի»-ի` «Թուրքիայի նախագահի «կինն ու տղամարդը հավասար չեն» մեկնաբանությունը սկանդալի է վերածվել» վերնագրով եւ «Վզգլյադ» ամսագրի` «Էրդողանը դեմ է կին-տղամարդ հավասարությանը» վերնագրով հոդվածներում սուր քննադատություններ են հնչեցվել Թուրքիայի նախագահի հասցեին:

«Կին եւ արդարություն» առաջին միջազգային գագաթնաժողովում Էրդողանը հայտարարել էր. «Կին-տղամարդ հավասարությունը հակասում է բնությանը: Կանանց հավասարություն պետք չէ: Նրանց անհրաժեշտ է միայն տղամարդկանց հետ նույն աստիճանի հարգանք ցուցաբերել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում