«Դա ֆուտբոլ չէր, որ ասեինք, թե գոլն այս րոպեին պետք է խփվեր». Ալեքսանդր Արզումանյանն ուղղաթիռի միջադեպից հետո ՊՆ-ի աշխատանքն անթերի է համարում

ՀՀ պաշտպանության  նախարարությունն անթերի է կատարել իր առջև դրված խնդիրը, իսկ արտաքին գերատեսչությունը թույլ է տվել որոշ թերություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ին պատկանող  խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման  գործողություններին: Միաժամանակ, վերջինը  շեշտեց, որ եթե օգոստոսյան դեպքերի ժամանակ ԱԳՆ-ի գործառույթն իր վրա էր վերցրել ՊՆ-ն, ապա  այս անգամ ամեն մեկն իր գործն է արել:

«Բանակն ինքը պետք է որոշեր՝ ո՞ր պահին և ի՞նչ պատասխան պետք է տալ հակառակորդին: Դա ֆուտբոլ չէր, որ ասեինք, թե գոլն այս րոպեին պետք է խփվեր: Մեր պատասխանը ժամանակ և նախապատրաստություն էր ենթադրում: Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, այն այնպիսի կատեգորիա է, որ բոլոր դետալներին չենք տիրապետում և պետք էլ չէ, որ տիրապետենք: Այսինքն՝ կուլիսների հետևում դիվանագետներն ավելի շատ աշխատանք են տանում, քան հայտարարություններում»,-շեշտեց պատգամավորը:

Անդրադառնալով  միջազգային արձագանքին,  Ալեքսանդր Արզումանյանն ընդհանուր առմամբ այն ադեկվատ համարեց:

Հակադարձմանը՝ չե՞ք կարծում, որ Ադրբեջանի  պահվածքը հետևանք է միջազգային հանրության  անհասցե հայտարարությունների, նախկին արտգործնախարարը  համաձայնեց՝ իհարկե, ցանկալի կլիներ, որ միջազգային հանրությունը դատապարտեր, նույնիսկ՝ Ադրբեջանին Հաագայի դատարանի առաջ կանգնացնեին. «Բայց պետք է հասկանանք, որ միջազգային հանրության դարդն ու ցավը չի կտրվել, որ կողմերից մեկին պատժի»,- լրացրեց նա՝ նկատելով, թե հայտարարությունների տողատակում, այնուամենայնիվ,  երևում էր  մեղավորն ու  կոչերի հասցեատերը. «Կողմնակալ լինելը ճիշտ չէր լինի, կարծում եմ՝ խիստ ձևակերպումներ կային, որոնք մինչ այդ չեն եղել»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում