Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը մինի-լյուստրացիա է. ով է ընդդիմություն, ով՝ ոչ. Ալեքսանդր Արզումանյան

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր  Արզումանյանի համար որպես ընդդիմադիր գործիչ, միանգամայն, ընդունելի է   Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու  նախաձեռնությունը, ուստի պատրաստ է այն պաշտպանել: Ըստ Արզումանյանի՝  սա մինի-լյուստրացիա է. Փաշինյանը փորձում է հստակեցում մտցնել քաղաքական դաշտում՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովուրդ, դուք խոսում եք իշխանափոխության, արտահերթ ընտրությունների մասին, բայց ճանապարհ ցույց չեք տալիս, ինչն ինքը փորձում է անել: Հիմա ըստ ստորագրությունների պարզ կլինի, թե այն մարդիկ, որոնք խոսում են իշխանափոխության մասին, ինչ կանեն: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են իրար հետ այդ 44 ձայնը հավաքել»,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության խորհրդարանական ամրագրմանը, Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե ովքեր ուզում են իշխանություն  դառնալ, խուսափում են այնպիսի գործելաոճից, որը կարող է Ռուսաստանի դժգոհությունն առաջացնել՝ հերթական անգամ պնդելով, որ հստակ չէ, թե ուր ենք գնում և, որ չստեղծված կառույցն արդեն փլուզման նշաններ է ցույց տալիս:

Այս համատեքստում խոսելով դրամի արժեզրկումից, Ալեքսանդր Արզումանյանն այն համարեց մեր որոշման տնտեսական գինը՝ պայմանավորելով այն ռուսական ռուբլու արժեզրկմամբ: «Այս պահի դրությամբ աղետալի զարգացումներ չեմ տեսնում, մնացածը ժամանակի հարց էլ»,-եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում