Ադրբեջանի ԱԳՆ-ի հիսթերիան չի հանդարտվել

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի ուկրաինական «1+1» հեռուստաալիքն իրենց դիմել է Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ կատարելու համար հավատարմագիր ստանալու խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Խիկմեդ Գաջիևը` հավելելով, որ իրենք մերժել են ուկրաինացիներին:

Հատկանշական է, որ մեկ օր  առաջ նույն այդ ԱԳՆ-ն պահանջել  էր Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունից` ստուգել ուկրաինական հեռուստաընկերության խմբի` ԼՂՀ կատարած այցի փաստը:

Ադրբեջանում արդեն քանի օր է շարունակվում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նկարահանումներ անցկացնելու շուրջ հիստերիան: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը դժգոհություն է հայտնել այդ երկրի ԱԳՆ-ին` հիշյալ հեռուստաալիքի կողմից ԼՂՀ-ում նկարահանված ռեպորտաժ ցուցադրելու կապակցությամբ, որում ներկայացվել է ԼՂՀ-ում տիրող իրական իրավիճակը:

Ուկրաինական «1+1» հեռուստաալիքը ԼՂՀ-ում նկարահանել է «15- Հանրապետություններ» հեռուստահաղորդումը և ռեպորտաժ պատրաստել Արցախի վերաբերյալ:

Ադրբեջանական ԱԳՆ-ի քայլերը կանխատեսելի են դարձնում, որ ուկրաինական «1+1» հեռուստաընկերության աշխատակիցները ևս կհայտնվեն տաբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային բազմաթիվ գործիչների շարքում, որոնք ընդգրկվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում