«Մենք գնում ենք հանունի և ոչ թե ընդդեմի. նոր որակի շինարարություն ենք անում». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին

«Առաջին անգամը չէ, որ իշխանությունն ասում է, թե պատրաստ է քննարկելու ցանկացած կետ, ցանկացած ձևաչափով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե պետք է քննարկել Եռյակի առաջ քաշած հարցերը և այն խոսակցություններին,  թե սա ընդամենը ժամանակ շահելու փորձ է:

«Ասելը մի բան է, անելը մեկ այլ բան է»,-արձագանքեց հանդիպմանը ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Միաժամանակ, այսպես ասած՝ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչը կանխատեսեց, որ իշխանությունը խորապես կքննարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը. «Սա բխում է նաև իրենց շահերից: Իսկ մենք հիմնվում ենք փաստերի վրա՝ համամասնական ընտրակարգի առաջարկի հետ կապված»:

Այստեղ ՀՀԿ-ական  Սուքիաս Ավետիսյանը հիշեցրեց դասական քաղաքագիտության մասին. այն շատ հստակ ցույց է տալիս համամասնականի և մեծամասնականի առավելություններն ու թերությունները: Ի դեպ, Սուքիաս Ավետիսյանը պնդեց, որ այս հարցը պատրաստ են Եռյակի հետ քննարկել կլոր սեղանի շուրջ և ոչ թե արտահերթ նիստում. «Եռյակի մտքով ինչ անցնի՝ գրում են արտահերթ»:

Իր հերթին Միքայել Մելքումյանը ևս մեկ անգամ շեշտեց՝  համամասնական ընտրակարգին այլընտրանք չկա:

Դիտարկմանը, թե փաստորեն այս հարցում պատրաստ եք իշխանությունների հետ երկխոսելու կամ համագործակցելու,  Մելքումյանն ասաց, թե 12 կետերն իրարից  չեն տարանջատում, բայց կան կետեր, որ ժամանակ են պահանջում: Այսինքն՝ այն հարցերը, որոնք ընդամենը քաղաքական կամք են պահանջում և ոչ թե ռեսուրս ու ժամանակ, դրանց  շուրջ  Եռյակը  կխոսի  իշխանության հետ:

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությանը, որը նպատակ ունի ոչ իշխանականների հարցում հստակություն մտցնել, Միքայել Մելքումյանը պատասխանեց՝  իրենք գնում են  հանունի և ոչ թե ընդդեմի. «Հանկարծ առաջարկում են ինչ-որ փոփոխություն նոր: Դուք ի՞նչ կանեք, շենքը մեկ-երկու օրում չեն կառուցում: Մենք  նոր որակի շինարարություն ենք անում»:

Շարունակելով միտքը, ԲՀԿ ներկայացուցիչը նշեց, որ  այժմ զբաղված են իրենց ծրագրին միս և արյուն տալով՝  ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում  գրասենյակներ  բացելու  տարբերակով: Ավելին, առաջիկայում  պատրաստվում են տնտեսական համաժողով  հրավիրել, քանի որ գտնում են՝ այս  23 տարիների ընթացքում ձևավորվել է տնտեսության կառուցվածք՝ խոշոր, փոքր ու միջին բիզնես-համակարգ, որի էջը փակելու  ժամանակն է. նոր որակի տնտեսական քաղաքականություն է պետք:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում