Ռուբլով գործ անող գործարարներն արդեն «տակ են տվել». ՌԴ-ի հետ արտահանումների մասով հույսեր չպետք է կապել. Գագիկ Մակարյան

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ դրամի արժեզրկումը և դրան հակառակ՝ դոլարի արժևորումը ձեռնտու է  ներմուծողներին կամ նրանք այդ առիթից շատ լավ օգուտներ են քաղում.  պատճառաբանում են,  թե ավելի թանկ են բերել ապրանքը, ուստի ստիպված են  գները  բարձրացնել և ավտոմատ կերպով թանկացնում ապրանքը: Ըստ Մակարյանի՝  առաջիկայում էական թանկացումներ են լինելու, ինչը հանգեցնելու է գնողունակության անկման: Այս համատեսքտում  տնտեսագետը հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդում և շարունակելու է ազդել ՌԴ-ի հանդեպ արևմտյան պատժամիջոցները, այնպես որ այդ երկիր արտահանումների հետ կապված մեծ հույսեր չպետք է կապել: Ավելին, ռուբլով գործ անող հայրենի գործարարներն արդեն «տակ են տվել», իսկ դոլարով  գործունեության համար ՌԴ-ում խնդիրներ են ստեղծվում:

Նման իրավիճակում  Գագիկ Մակարյանն առաջարկում է ԿԲ-ին վերանայել իր քաղաքականությունը, որն այդքան էլ արդյունավետ չէ:  Այն է՝ 1. դասակարգել ռիսկերը, 2. գնահատել դրանք ըստ ուժգնության աստիճանի, 3. կառավարել  դրանք, 4 կանխարգելել:  Այս ֆոնին Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցմանը, հորդորեց իշխանություններին նախքան առաջ գնալը  շտկել մեր «անփույթ»  և միամիտ տեսքը՝ շեշտելով, որ  ԵՏՄ շրջանակում Բելառուսն ու Ղազախստանը ՀՀ-ի համար դեռևս հավասարակշռող դերակատարում չունեն, միակ պարտնյորը մնում է դեռ Ռուսաստանը. «Այսինքն՝ երազել, թե արագ և ակտիվ տնտեսական ակտիվություն կլինի այս  երկրների հետ՝ դա ուտոպիա է»:

Գագիկ Մակարյանը վերադառնալով արժութային թեմային, զգուշացրեց նաև ՌԴ-ին սպառնացող գործազրկության մասին. ընկերությունների ֆինանսապես թուլանալը բերելու է աշխատատեղերի կրճատման կամ աշխատավարձերի իջեցման. «Չեմ կարծում, որ նրանք կարողանան նույն ռեժիմով աշխատավարձերը վճարել: Դա առաջին հերթին կազդի օտարերկրյա աշխատողների վրա»:

Հանդիպմանը ներկա «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը չհամաձայնեց Գագիկ Մակարյանի հետ և ԿԲ-ի գործունեության, և Հայաստանին սպառնացող տնտեսական վտանգի աստիճանի հետ կապված:

«Հայաստանը կոլապսի չի ենթարկվի, որովհետև  իրավիճակից դուրս գալու շատ ելքեր կան: Չեմ կարծում, որ ՌԴ-ում տիրող իրավիճակն անպայման պետք է իր  ուղղակի  ազդեցությունն ունենա Հայաստանի վրա: Ճիշտ հակառակը՝ ՀՀ-ն պետք է փորձի օգտվել այն իրավիճակից, որն այսօր կա ՌԴ-ում, դա վերաբերում է և  թույլ ռուբլուն, դրա օգուտները մենք հասկանում ենք, և այն որմնախորշերին, որոնք նախկինում զբաղեցված են եղել այլ երկրների կողմից: Հայաստանը պետք է դասեր քաղի մեզ համար համադրելի պետության իրավիճակից: Եվ հետո՝ ԵՏՄ-ն միայն ՌԴ-ն չէ, կա Ղազախստան: Այսօր ԵՏՄ հիմնադիր երկրները գիտական ներուժի կարիք ունեն, ինչը ՀՀ-ն ունի, բայց մեզ մոտ պահանջարկ չկա: Այս հարցը պետք է կարգավորել՝  կանխելով  ուղեղների արտահոսքը, այսինքն՝  համատեղ ձեռնարկություններ պիտի  ստեղծվեն: Ինչ վերաբերում  է  ԿԲ-ի աշխատանքին, չեմ կիսում այն կարծիքը, որ ԿԲ -ի գործելակերպն անարդյունավետ է, այն այսօր շատ ավելի ճկուն է, քան նախորդ տարիներին, իհարկե, անելիքներ կան»,-մանրամասնեց տնտեսագետը՝ հորդորելով  չգերագնահատել դոլարի կուրսի փոփոխության դերը և համաձայնելով  Գագիկ Մակարյանի այն առաջարկի հետ, թե ԿԲ-ն պետք է դասակարգի և կառավարի ռիսկերը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում