Թուրքիան խոստովանել է իր արխիվների փակ լինելը

Թուրքիան խոստովանել է Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվների մինչ այժմ փակ լինելը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նման խոստովանություն արել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը: «Անկարան պատրաստ է բացել արխիվները եւ վերստին ուսումնասիրել 1915 թվականի իրադարձությունները», -հայտարարել է նա:

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է անել, քանի որ վերջին շրջանում «հայերն ու հայկական լոբբին ակտիվացրել են իրենց ջանքերը, որպեսզի աշխարհի երկրների խորհրդարանները 1915 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն»:

Թուրքիայի ղեկավարները սկսած 2003 թվականից պարբերաբար հայտարարել են, որ թուրքական բոլոր արխիվներն, իբր, բաց են ուսումնասիրության համար, եւ որ իրենք, իբր, «չեն վախենում» դրանից:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային առաջին արձագանքը 1915 թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը: Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել է աշխարհի 22 երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում