Արամ Առաջինը հյուրընկալել է Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների վարչության պատվիրակությունը

Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների վարչության պատվիրակությունը Մազլում Արքեպիսկոպոսի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Չորս տարի առաջ ստեղծված այս միության մաս են կազմում Միջին Արևելքի բոլոր քրիստոնյա համայնքները՝ իրենց կրոնական և աշխարհիկ ներկայացուցիչներով։ Միության նպատակն է կապ հաստատել շրջանի քրիստոնյա համայնքների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիո կաթողիկոսությունից, վարչության անդամները Նորին Սրբությանը տեղեկացրել են վերջին ամիսներին միության կատարած աշխատանքների մասին, խոսել առաջիկա ծրագրերից:

Վեհափառ Հայրապետը` ողջունելով վարչության կատարած աշխատանքները, խորհուրդ է տվել առաջնահերթություն տալ բոլոր այն ծրագրերին, որոնց նպատակը քրիստոնեության պահպանումն է Միջին Արևելքում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն անդրադարձել է Վիեննայում վերջերս գումարված համագումարին և առաջիկայում այլ շրջաններում տեղի ունենալիք նախաձեռնություններին, որոնք նույն նպատակն են հետապնդում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լիբանանի նախագահական ընտրություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծել է շուտափույթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում