ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման գծով առաքելությունը Ադրբեջան վերադառնալու համար երաշխիքներ է պահանջում

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեն վերստին Բաքու վերադառնալու համար երաշխիքներ է պահանջել Ադրբեջանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեի առաքելությունն Ադրբեջան իր այցն ընդհատել է գործունեության իրագործման համար ադրբեջանական իշխանությունների կողմից խոչընդոտների հարուցման պատճառով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունից համապատասխան երաշխիքներ ստանալու դեպքում ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեի առաքելությունը կարող է Բաքու վերադառնալ եկող տարի: Այցի ժամկետների մասին չի հաղորդվում:

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման հարցերով ենթակոմիտեի գործունեությունն ուղղված է խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տեսակների կանխարգելմանն ու պատժելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում