Նոր քայլեր՝ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ

Կառավարությունը իրականացնում է գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներ` բիզնեսի համար նպաստավոր միջավայր առաջարկելով հայկական և օտարերկրյա ներդրողներին ու գործարարներին: Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2013թ. հոկտեմբերի 29-ին հրապարակած` «Կարգավորումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի տվյալներով, Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնում է բարձր համարվող 37-րդ տեղը: Այսօր Հայաստանում ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:

Հայաստանում գործում են հարկային տարբեր տիպի արտոնություններ, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը հետաձգվում է 1-ից 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման համար, ԱԱՀ վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների մաքսային արժեքը 200 մլն. դրամը գերազանցելու դեպքում: Ինչպես նաև գործում են շահութահարկի և ԱԱՀ արտոնություններ ոսկերչության, գորգագործության, գյուղատնտեսության որորտներում, դեղագործական արտադրանքի ներմուծման համար մաքսատուրքը 0 տոկոս է, իսկ Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից:

Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության նոր նախագծի, հարկերից ազատվելու են նաև սահմանամերձ շրջաններում գործող ընկերությունները: ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման ծրագրերի շրջանակներում կրճատվել է հարկերի վճարման պարբերականությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հարկերի վճարումը իրականացնում են էլեկտրոնային համակարգով՝ առավելագույն իրազեկման միջոցառումներ իրականացնելով հարկ վճարողներին: Հարկ վճարողի պարտավորությունների մասին տեղեկատվության տրամադրումը ամբողջովին ավտոմատացվել է: Ընկերությունների գրանցման ժամանակի կրճատման նպատակով ապահովվել է բաժնետիրական ընկերությունների էլեկտրոնային գրանցման հնարավորությունը: Կառավարության հանձնարարությամբ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակվել են մեկ անգամով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից USAID «EDMC» ծրագրի աջակցությամբ մշակվել է ներդրումային ծրագրի անձնագրի (investment project teaser) օրինակելի ձև, որը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս հակիրճ և պրոֆեսիոնալ ձևով պոտենցիալ ներդրողին ներկայացնել հիմնական գործարար գաղափարը, և աջակցում է մասնավոր ներդրողներին իրենց ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը օտարերկրյա ներդրողներին հասանելի դարձնելու հարցում:

ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման պետական ծրագրերը, մասնավորապես, կնպաստեն մեր երկրի տնտեսությունում բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների ու ծառայությունների քանակի արագ աճի ապահովմանը, արտաքին առևտրի խթանմանը, հարկային ու մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձևակերպումների պարզեցում ու հստակեցում):

Հայաստանի կայուն տնտեսական աճի ապահովման հիմքում պետք է լինի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Մեր երկրի արդյունաբերական և գիտատեխնիկական զարգացման հետագա ընթացքը մեծապես կախված է արդյունավետ և նպատակաուղղված ձեռնարկատիրական քաղաքականությունից: Հայաստանի տնտեսությունում իրականացվող ձեռնարկատիրական և ներդրումային գործունեության աճի ապահովումը կլուծի մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, հասարակության միջին խավի ձևավորումը, մրցակցային հավասար պայմանների ապահովումը, շուկայական տնտեսությանը հատուկ նոու-հաուների ներգրավումը, նոր շուկաների բացահայտումը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները և այլն:

Տիգրան Խաչատրյան

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում