«Թունջելի օրինագիծը չի անցնի, այն նաև քրդերի սրտով չէ». Հակոբ Չաքրյան

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր  Սեբահաթ Թունջելի   խորհրդարան ներկայացրած օրինագիծը  որևէ կապ չունի  Թուրքիայի իշխանությունների հետ, ուստի այն չի մտնի Մեջլիսի օրակարգ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  շեշտեց թուրքագետ Հակոբ  Չաքրյանը՝ պատասխանելով  այն դիտարկմանը,  թե պատգամավորի այս քայլը հնարավոր է տեղավորվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում թուրքական անակնկալ քայլերի տրամաբանության մեջ: Մի բան, սակայն, լավ է՝ օրինագիծը թեև մերժվի,  Հայոց ցեղասպանության հարցը կմնա Թուրքիայի օրակագում և  կնպաստի դրա վերարծարծումների ակտիվացմանը, այսինքն՝ ավելի հանդուգն կլինեն այն մարդիկ, ովքեր կցանկանան արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, քանի որ Թուրքիայի խորհրդարանն այդ հարցը քննարկել է: Այսօր ըստ թուրքագետի,  անտրամաբանական կլինի այն մարդկանց, մասնավորապես՝ մտավորականների ձերբակալությունները, ովքեր կխոսեն Հայոց ցեղասպանության օգտին, երբ կա նախադեպ՝ պատգամավորն է խոսել այդ խնդրից:

«90-ական թվականներին Թուրքիայում «Ցեղասպանություն» բառը, ավելին՝ Ց տառն   արտասանելը հանցագործություն էր և հետապնդվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը հիմա ուժի մեջ է, բայց չի կիրառվում: Հիմա գործը հասել է նրան, որ խորհրդարանական որևէ կուսակցության ներկայացուցիչ կարողանում է դիմել Թուրքիայի խորհրդարան ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով օրինագիծ ընդունելու առաջարկով: Այսինքն՝ Հայկական հարցը, որի վրա Թուրքիայում տաբու էր դրված, արդեն իսկ ճեղքվածք է տալիս»,- շեշտեց Չաքրյանը:

Ի դեպ,  չնայած  ՀՀ -ում բոլորը Թունջելին  ներկայացնում են քուրդ, սակայն, թուրքագետի կարծիքով՝ առոգանությունը քրդի չէ, ծնվել է  Մալաթիայում,  կուսակցությունն էլ քրդական չէ, պարզապես քրդերն են այդտեղ շատ: Այս համատեքստում  թուրքագետն ակնարկեց, որ Թունջելի օրինագիծն այնքան էլ  քրդերի սրտով չէ, քանի որ կուսակցության կայքում  օրինագծի մասին ամբողջական ինֆորմացիա չկա, իսկ ինչպես նշեցինք՝ այստեղ ավելի շատ քրդեր են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սեբահաթ Թունջելի նախագծում անդրադարձ է կատարվում  Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործություններին և  բացի Հայոց Ցեղասպանությունից, խոսվում Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին: Պատգամավորն առաջարկում է մեկ տարվա ընթացքում ստեղծել ճշմարտությունների ուսումնասիրման խորհրդարանական  հանձնաժողով, բացել  թուրքական պետական արխիվները,  սգո օր սահմանել  ողբերգական  իրադարձությունների օրը, տրամադրել  բարոյական և նյութական փոխհատուցում: Եվ որ ամենակարևորն է՝ Էրդողանը խորհրդարանի ամբիոնից պաշտոնապես պետք է ներողություն խնդրի, մասնավորապես՝  հայերից:

Ինչ  վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, թուրքագետ Հակոբ Չաքրյանն  ընդգծեց, թե նախևառաջ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն. «Առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման բացված սահմանը նույն արագությամբ էլ կարող է փակվել: Անհրաժեշտ է միջպետական հարաբերությունների հաստատում, այս  դեպքում սահմանն ինքնըստինքյան բացվում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում