«Հայաստան» հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 12 399 550 ԱՄՆ դոլար

Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: Այս մասին  տեղեկացնում են  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանն Արցախին միացնող Վարդենիս-Մարտակերտ այլընտրանքային ճանապարհի ընդհանուր արժեքը 31-32 միլիոն դոլար է, 10 միլիոն դոլար համահայկական ջանքերով արդեն փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, մոտ 4 միլիոն դոլարն էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը Հայաստանի մասը կառուցելու համար: Ճանապարհն ավարտին հասցնելու համար հարկավոր է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս պահի դրությամբ ճանապարհի հայաստանյան մասում (14 կմ) գրեթե ավարտին են հասցվել թե հողային, թե ասֆալտապատման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղի մասում հողային աշխատանքները մոտենում են ավարտին:

Հիշեցնենք, որ 2013-ին 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22 661 372 ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում