Հայաստանում աուդիտորական համակարգը կկատարելագործվի միջազգային լավագույն փորձի կիրառմամբ

Հայաստանը կատարելագործում է ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի ինստիտուտները՝ ներդրումների գրավչությունը բարձրացնելու նպատակով: Նոյեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է Կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության ոլորտի ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին նվիրված աշխատաժողովը: Ծրագիրը մշակել է Ֆինանսների նախարարությունը՝ Համաշխարհային Բանկի հետ համատեղ: Ինչպես «Արմենպրես»,-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, կապիտալի և արժեթղթերի շուկայի զարգացման հարցում, հարկային և մաքսային կարգավորման գործիքների դերին զուգահեռ, կարևորել է նաև ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի համակարգի ազդեցությունը:

Փոխնախարարի խոսքով՝ նոր նախաձեռնությունը շրջադարձային փոփոխություն է ենթադրում ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի դաշտում: «Մեր նպատակն է նախևառաջ ձևավորել հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրություն»,-ասել է Միրումյանը՝ կարևորելով նաև հաշվապահների և աուդիտորների որակավորման համակարգի կատարելագործումը:

ՀԲ Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանը նշել է, որ Հայաստանն անցյալ տասնամյակում բավական մեծ հաջողությունների է հասել աուդիտի և հաշվապահության բնագավառներում, և ներկայում անցում է կատարվում ոլորտի երկրորդ փուլի բարեփոխումներին: ՀԲ պաշտոնյան ներդրումների ավելացման հարցում կարևորել է բիզնեսի հանդեպ վստահության բարձրացման անհրաժեշտությունն ու հաշվետվողականության թափանցիկության գործոնը: «Աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության մոդելը բարեփոխվելու է, ներդրվելու է ավելի հստակ և թափանցիկ հանրային վերահսկողություն»,-պարզաբանել է Վաթյանը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում կձևավորվի կայացած և հզոր աուդիտորական գործունեություն և ավելի թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ:

ՖՆ Հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ Կարեն Ալավերդյանը նշել է, որ աշխատաժողովը Ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի արդյունավետ համագործակցության հերթական օրինակն է: «Վերջին տարիներին զգալի բարեփոխումներ են իրականացվել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի ոլորտներում և այս աշխատաժողովը բարեփոխումների շարունակականությունն ապահովող հերթական քայլն է»,- նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ ծրագիրը կազմվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում