Վերականգնվել են Սյունիքի մարզի Խնածախ-Քարաշեն ավտոճանապարհի փլուզված հատվածները

ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ-Քարաշեն ավտոճանապարհին հրատապ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում 2014 թվականի հոկտեմբերին ավարտվել են երկու տարբեր փլուզված հատվածների վերանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, մինչև վերանորոգումը Խնածախ-Քարաշեն ավտոճանապարհի 2.8-րդ և 5.8-րդ կմ հատվածներում հողային պաստառը և ճանապարհային պատվածքը գտնվում էին վատ վիճակում: Ջրահեռացման խնդիրների պատճառով 2.8-րդ կմ հատվածում աջակողմյան շեպը փլուզվել էր, կողնակը և երթևեկելի մասի եզրային ասֆալտբետոնե ծածկը քանդվել:

Ավտոճանապարհի 5.8-րդ կմ հատվածում բացակայում էր ասֆալտբետոնե ծածկը, կողային առուները լցված էին ջրի բերվածքներով: Տվյալ հատվածում փլուզված էր հողային պաստառի լիցքի շեպը, առաջացել էին թափվածքներ:

«Ճանշին Տեխնախ» ՍՊ ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է ասֆալտբետոնե ծածկը, փլուզված հատվածներում վերականգնվել է հողային պաստառի շեպը, կարգավորվել են ջրահեռացման խնդիրները, ինչպես նաև մաքրվել են թափվածքները: 2.8-րդ կմ հատվածում կառուցվել է նաև գաբիոնային շարվածքով հենապատ:

Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով: Աշխատանքների պայմանագրային արժեքը 12. 750. 492 ՀՀ դրամ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, շահագրգիռ համայնքների ղեկավարներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում