«ԱՄՆ-ն որպես գերտերություն, հետևում է ԵՏՄ-ին անդամակցման գործընթացին, բայց դա առաջնային չէ էլիտայի համար». Արամ Կարապետյան

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի  անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է ԱՄՆ-ի հանձնարարականով՝  նկատելով, թե հայաստանյան քաղաքական ընտրանու 90%-ը սպասարկում է ԱՄՆ-ի շահերը, իսկ 10%-ը՝ Ռուսաստանի:

«Հայաստանը գնում է ԵՏՄ՝ ԱՄՆ-ի պահանջով: Ռուսաստանը իր շրջակա տարածքներում ավելի մեծ հզորություն ունի, բայց իրականում Հայաստանի ողջ պետական համակարգը դարձրել է այսօր ամերիկյան: Եթե ԱՄՆ-ն թույլ չտար, որ Հայաստանը գնար ԵՏՄ, ապա Ռուսաստանը իր մարդկանց այստեղ կակտիվացներ ու ամերիկյան բուրգը կփլվեր: ԱՄՆ-ն չի ուզում բուրգը փլվի, դրա համար թույլ տվեցին, որ մերոնք ստորագրեն համաձայնագիրը»,-շարունակել է Մանուչարյանը:

Այս հայտարարությանը զուգահեռ Հայաստանում ԱՄՆ դեսպանը մոտ 2.5 ժամ տևողությամբ  հանդիպում է ունեցել  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Արդյո՞ք այն կապված է եղել ԵՏՄ-ի հետ՝ հաշվի առնելով, որ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը  Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի ժամանակ հարակից զեկույց կներկայացնի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, դեսպան Հեֆֆերնը հանդիպման փակագծերը չի բացել.

«Անդրադարձ կատարեցինք տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակի, հանձնաժողովը մեր կարևոր գործընկերներից է, մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքը նույնպես շատ կարևոր է»,-ընդգծել է դեսպանը:

«Նոր ժամանակներ»  կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Times.amի հետ զրույցում չհամաձայնեց Աշոտ Մանուչարյանի առաջ քաշած տեսակետի հետ, իսկ  ԱՄՆ դեսպանի խորհրդարանական հանդիպման մասով էլ  նկատեց, թե առավել հավանական է, որ քննարկվել են ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

«Ես նման տպավորություն չունեմ, թե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է ԱՄՆ պահանջով կամ թե քաղաքական ընտրանու 90%-ը սպասարկում է ԱՄՆ-ի շահերը: Իսկ  ԱՄՆ դեսպանի հանդիպումը կկապեի ընթացող պրոցեսի հետ՝ ԼՂՀ վերջին զարգացումներով և անելիքներով պայմանավորված, էսկալացիա թույլ չտալու խնդիրն է: Իհարկե, ԱՄՆ-ն որպես գերտերություն, հետևում է ԵՏՄ-ին անդամակցման գործընթացին, բայց դա առաջնային չէ էլիտայի համար»,-ասաց Արամ  Կարապետյանը:

Այս համատեքստում վերջինը շեշտեց, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի  միջև ԼՂՀ հարցի հետ կապված ըստ էության հակադրություն չկա, քանի որ երկուսն էլ  կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Որոշ դեպքերում ՌԴ-ն է ակտիվ, որոշ դեպքերում ԱՄՆ-ն, բայց նույնն է քաղաքական տրամաբանությունը»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Ի պատասխան հարցին, թե ճի՞շտ է գնալ «ռուսական ճանապարհով»,  երբ ՌԴ-ի տնտեսական վիճակը գնալով վատանում է, Արամ Կարապետյանն ընդունեց, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը և ռուբլու արժեզրկումն իր բացասական  ազդեցությունը ՀՀ-ի վրա ունենում է, մասնավորապես,  ՌԴ-ից  եկող տրանսֆերտները զգալի նվազել են, բայց  ԵՏՄ-ին անդամակցմանը հիմնավորված այլընտրանք չկար:

«Այո, իր վատթար կլինի՝ ռուբլին թուլացել է, դոլարային հոսքը կրճատվելու է, բայց….Կա 2 ճանապարհ՝ կամ պիտի միությունների կամ դաշնակիցների միջոցով  հարցերդ լուծես կամ ինքնուրույն: Եթե կարող է ինքնուրույն, ապա նման հարց չպիտի ծագի: Ըստ իս՝  Հայաստանն ինքնուրույն չի կարող  տնտեսական և այլ  բնույթի հարցեր լուծել: Երկրորդ՝ մարդիկ պիտի հաշվի առնեն, որ միայն ՌԴ-ում չէ տնտեսական իրավիճակը վատ, 20-յակի երկրները  ևս նման մտահոգություն հայտնեցին: Երրորդ՝  եթե գնայինք դեպի ԵՄ, միթե ԼՂՀ-ի խնդիր դրված չէր, կար նման խնդիր, ՌԴ-ի դեպքում մենք կարողանում ենք մեր տեսակետը լսելի դարձնել»,-մանրամասնեց «Նոր ժամանակներ»  կուսակցության նախագահը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում