Եվրասիական գործընկերներն անհաշտ են

Մի՞թե միայն Հայաստանն է մնալու Եվրասիական տնտեսական միությունում՝ երկիր, որն ընդհանուր սահման անգամ չունի Ռուսաստանի հետ: Նման հարցադրում է կատարել ռուսական «Дождь» հեռուստաալիքը՝ կապված Մոսկվայի երկու գործընկերների ՝ Մինսկի և Աստանայի դրսևորած վարքի հետ:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանն արգելել է Բելառուսից գրեթե բոլոր տեսակի մսային արտադրանքի ներմուծումը։Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել ռուսական իշխանությունների դիրքորոշումից, որոնք սահմանափակում են բելառուսական արտադրանքի փոխադրումները Ռուսաստան: «Ինձ այսօր ռուսական իշխանությունների վարքը ոչ թե պարզապես զարմացնում է, այլ ճնշում է: Եթե մոտ ժամանակներս հարաբերությունները 2 երկրների միջև չնորմալանա, մենք ստիպված կլինենք արձագանքել»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Ռուսաստանը Բելառուսին խնդրել էր նոյեմբերի 30-ից դադարեցնել մսամթերքի խմբաքանակների ձևակերպումը, որը Ռուսաստանով անցնում է այլ երկրներ: Ռուսաստանի իշխանությունների հայտարարությամբ՝ դա կապված է նրա հետ, որ Բելառուսի հետ սահմանով Ռուսաստան են ներկրվում ապրանքներ, որոնց ներկրումը ներկայումս արգելված է: Բացի դրանից՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունն արգելել է 18 բելառուսական ձեռնարկությունների արտադրանքի ներկրումը Ռուսաստան: Արգելքի տակ է հայտնվել Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 000 տոննա: Ռուսական վերահսկողության գերատեսչությունը հայտարարում է բելառուսական սննդամթերքների անհամապատասխանությունը Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին և պահանջներին՝ նշելով, որ դրանցում վնասակար միկրոօրգանիզմներ և հակաբիոտիկներ կան:

Հարթ չեն նաև ռուս- ղազախական հարաբերությունները: Այդ երկիրն այսօր դադարեցրել է էլեկտրաէներգիա մատակարարել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններին: Պաշտոնապես դա պարզաբանվում է տենգեի փոխարժեքի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկումով, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի համար վճարումները ձեռնտու չեն այլևս: Ավելի վաղ Ղազախստանն արգելել էր ռուսական արտադրության օղու և գարեջրի վաճառքը, ինչը հետո չեղարկվել էր:

Հիշեցվում է նաև ղազախստանցիների համար վերջերս Պուտինի արած վիրավորական արտահայտությունը, թե մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Ղազախստանը պետականություն չի ունեցել:

Ղազախստանն հրաժարվել է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, որի նպատակն էր սահմանել կարգ, որով Ռուսաստանը կարգելի պատժամիջոցներով արգելված ապրանքների տարանցումն իր տարածքով։ Ռուսաստանի մաքսային ծառայությունում հայտնել են, որ Ղազախստանը հրաժարվել է այդ բանակցություններից՝ ցուցաբերելով ընդառաջելու ցանկության բացակայություն։ Հաջորդ շաբաթ նմանատիպ բանակցություններ են նախատեսված Բելառուսի հետ։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը չի ցանկանում մասնակցել ռուսական անցակետերում առանց զննման Բելառուսից «պատժամիջոցային խմբի» ապրանքների՝ Ռուսաստանի տարածքով տարանցման արգելքի մասին եռակողմ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության մամլո քարտուղար Յուլյա Տրոֆիմովան. «Ղազախստանը չի ընդունում վերահսկման մեր համակարգը և մտադիր չէ մասնակցել նմանատիպ ձևաչափով բանակցություններին: Մենք այդ դիրքորոշումը գնահատում ենք որպես ընդառաջ չգնալու ցանկություն»:

Դաշնային ծառայության  տեղեկություններով՝ բեռնատարները Բելառուսի տարածքից Ռուսաստան են մուտք գործում, իբրև թե, Ղազախստան շարժվելու` Ռուսաստանի տարածքով տարանցման նպատակով, սակայն իրականում դրանք բեռնաթափվում են Ռուսաստանի տարածքում ու չեն հասնում Ղազախստան: Գերատեսչության մասնագետները կարծում են, որ Ռուսաստան «պատժամիջոցային խմբի» արտադրանքի անլեգալ ներկրման համակարգի գոյության փաստը հաստատում է նաեւ այն, որ կտրուկ աճել է Ռուսաստանի կողմից արգելված այդ ապրանքատեսակների մատակարարումները ԵՄ-ի երկրներից, Նորվեգիայից, Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից Բելառուսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում