Օձուն գյուղի եկեղեցու վերականգնումն ավարտված է

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի ՍԲ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին: Կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրեց շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով՝ որմերի մաքրում և որակը կորցրած կրաշաղախի փոփոխություն:

«Մենք ավելի շուտ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ: Ջանում էինք նվազագույնս խառնվել շենքի կառույցին, որպեսզի պահպանվի նրա ճարտարապետական և պատմական արժեքը», – ասաց «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը, որն արդեն վերականգնել է քսանից ավելի հայկական եկեղեցիներ և վանահամալիրներ:

Օձունի եկեղեցուն, որը կանգուն էր 15 դար, սպառնում էին ճեղքերը և տանիքին ու որմերի վրա Լոռու խոնավ կլիմայի պատճառով աճած բույսերի արմատները: Շատ տեղերում շաղախն ի սպառ լվացվել էր: Վերանորոգման երկարաձգումը կհանգեցներ տաճարի քանդմանը արտաքին գործոնների ազդեցությամբ, որոնց հավանականությունը երկրաշարժավտանգ այս տարածքում շատ բարձր է:

Ըստ Լ.Ղուկասյանի, ներքին ամրացման ինքնատիպ մեթոդների մշակմանը մասնակցել են լավագույն հայակական ճարտարագետները և Միլանի (Իտալիա) պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետները: Աշխատանքի ընթացքում կիրառվել են ապակեմանրաթելային ճոպաններ և գործվածքներ, որոնց միջոցով ամրացվել են գմբեթը, վեղարը և որմերը: Կոռոզիայի ավերիչ ազդեցությունից խուսափելու համար վերանորոգողները փոխարինել են նախկին երկաթյա ամրանները բարձրարդյունավետ եվրոպական սոսինձներով:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ և կղմինդր, հին կենցաղի առարկաներ: Բացի այդ, վեղարի տակ պահպանվել է գինու շիշ՝ Աբովյան եղբայրների միջոցներով 1889 թ. իրականացված վերանորոգման արդյունքների մասին գրությամբ: Փաստաթուղթը փոխանցվել է Մատենադարան վերականգնման և ուսումնասիրման համար:

Լևիկ Ղուկասյանն ընդգծեց, որ կատարողների և պատվիրատուի՝ ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանի միջև համագործակցությունը, նա է տրամադրել տաճարի վերականգնման միջոցները, չափազանց արդյունավետ էր և վստահության արժանի:

«Նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: Հաջողվեց փրկել և ժառանգների համար պահպանել մեր պատմաճարտարապետական գլուխգործոցը: Մենք շնորհակալ ենք «ԼևԳուկ» ընկերությանը, որը հաջող ավարտին հասցրեց վերականգնման աշխատանքների ողջ համալիրը: Լրացուցիչ նախագծի հաստատումից հետո այս ընկերությունը կբարենորոգի ջրահեռացումը տաճարի արտաքին գավիթներում, և այդ դեպքում մեր առաքելությունը կարելի է համարել ավարտված: Հույս ունենք, որ բարենորոգված Օձունի մարգարիտը կանգուն կմնա բազում դարեր», – ասաց «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում