Գյումրիում բացվել է հայորդաց տուն

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շիրակի թեմ, ուր հանդիսապետեց Գյումրու հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող ութերորդ հայորդյաց տունն է, որն ամբողջությամբ նորոգվել և բարեկարգվել է ազնիվ բարերարությամբ ամերիկաբնակ տիկին Սանդրա Լայթներ-Շահինյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած մամուլի հաղորդագրությունից: 

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Քաղաքի մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և մարզային ու քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Յոթվերքի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցի, ուր եկեղեցականաց դասը կատարեց աղոթք: Նորին Սրբությունը եղավ նաև թեմի առաջնորդարանում:

Հայորդյաց տան առջև Նորին Սրբությանն աղ ու հացով ողջունեցին հայորդյաց տան սաները: Ապա Ամենայն Հայոց Հայրապետը, Շիրակի մարզպետը և Գյումրու քաղաքապետը հատեցին մուտքի կարմիր ժապավենը և մուտք գործեցին հայորդյաց տուն: Ներսում, նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, կատարվեց նորաբաց կրթական հաստատության օրհնության կարգ, որից հետո Վեհափառ Հայրապետը և հյուրերը ծանոթացան հայորդյաց տան պայմաններին, այցելեցին հաստատության հարկի ներքո գործող տարբեր խմբակներ, զրուցեցին մանուկների ու պատանիների հետ:

Այս բերկրալի առիթով Հայորդյաց տան դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն: Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` ուրախություն հայտնելով Գյումրիում հայորդյաց տան բացման առիթով, որը պիտի իր կարևոր ներդրումն ունենա Գյումրու մանուկների հոգևոր, ազգային դաստիարակության գործում: Հայր Սուրբը հույս հայտնեց նաև, որ, համաձայն Վեհափառ Հայրապետի տեսիլքի, մի օր Հայրենիքի ամեն քաղաք և գյուղ կունենա նման հրաշալի հայորդյաց տուն:

Հանդիսության ընթացքում իրենց սրտի խոսքը փոխանցեցին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` կարևորելով մարզկենտրոնում հայորդյաց տան բացումը և վստահություն հայտնելով, որ այն կդառնա մարզի մշակութային դիմագիծը ներկայացնող կարևոր օղակ: Մարզպետը և քաղաքապետը շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը Գյումրուն նման արժեքավոր ընծա մատուցելու համար` Հայորդյաց տան առաքելությանն ըստ ամենայնի աջակցելու պատրաստակամություն հայտնելով: Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը նաև նվերներ փոխանցեցին իր գործունեությունն սկսող բարեզարդյալ հաստատությանը:

Այս առիթով Ամենայն Հայոց Հովվապետի այցը Շիրակի թեմ ողջունեց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը ներկայացրեց Հայորդյաց տան հաստատման պատմությունը: Այս կրթական հաստատության մտահղացման իրականացման համար շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին, բարերարին և բոլոր զորակցողներին ` Շիրակի թեմի առաջնորդը շնորհավորեց գյումրեցիներին` ընդգծելով, որ այսօր իրականացավ տարիների երազանքը, որին արժանի է գյումրեցի մանուկը:

Հանդիսությունը փակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

«Մենք գիտենք, որ Գյումրին շնորհալիների քաղաք է. այն առանձնահատուկ բույր ունի, համ ու հոտ ունի: Եվ մենք վստահ ենք, որ այս հաստատությունն իր նպաստը կբերի դրան», – ասաց Վեհափառ Հայրապետը` ընդգծելով, որ ցանկանում է տեսնել Գյումրու առանձնահատուկ հայորդյաց տունն իր շնորհաշատ սաներով: Նորին Սրբությունը նաև ուրախություն հայտնեց, որ Հայոց Եկեղեցին պիտի կարողանա նաև Գյումրիում իր զավակների կրթության և դաստիարակության գործում ներդրում ունենալ:

Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Շիրակի թեմի առաջնորդին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց մարզային և քաղաքային իշխանություններին նրանց բարյացակամ վերաբերմունքի համար հանդեպ Հայ Եկեղեցին և նրա ազօգուտ ծրագրերը, ինչպես նաև շինարարներին ու աշխատակազմին:

Խոսքի ավարտին, բարի երթ մաղթելով Գյումրիի հայորդյաց տանը, Ամենայն Հայոց Հայրապետն աղոթեց Հայրենիքի անսասանության, Շիրակի մարզի և Գյումրիի բնակչության բարօրության համար:

Ցերեկույթի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավարությամբ Երվանդ Վարոսյանի, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավարությամբ արվեստի վաստակավոր գործիչ Ջ. Քաղցրիկյանի և Հայորդյաց տան «Հայկական զարդանախշեր» պարային համույթի և թատերական դասարանի սաներ:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` ծանոթանալու տաճարի վերականգնման աշխատանքների ընթացքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում