Վրաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Ջավախք

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը այցելել Է Ջավախք, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել տարածաշրջանի նահանգապետի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի իշխանությունների ներկայացուցիչների, հոգեւոր ղեկավարների, ինչպես նաեւ բնակչության հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, Ախալքալաքում դեսպանին դիմավորել են Սբ.Խաչ եկեղեցու բակում՝ աղ ու հացով ու հայկական երաժշտությամբ:

Բնակչության հետ կայացած հանդիպման ընթացքում դեսպանը վստահություն Է հայտնել, որ միայն համատեղ աշխատանքով ու միասնությամբ կարելի է հասնել արդյունքի:

«Բարդություններ եղել են, այսօր Էլ կան ու կլինեն նաեւ վաղը, բայց մենք պետք Է պատրաստ լինենք հաղթահարելու բոլոր այդ բարդությունները: Ես ներողություն եմ խնդրում, որ, հինգ ամիս աշխատելով այս պաշտոնում, միայն այժմ եմ եկել այստեղ՝ հանդիպելու ձեզ հետ, բայց ես եկել եմ մեծ ոգեւորությամբ: Ես գիտակցաբար եմ ընտրել այս կարեւորագույն պաշտոնը եւ այն ծանրությունները, որոնք ես բարձրացնում Էի սպորտում, խոստանում եմ նույն նվիրումով եւ անհրաժեշտ մակարդակով կատարել դիվանագիտական ծանր աշխատանքը»,-ասել Է դեսպանը:

Այցելության ընթացքում Յուրի Վարդանյանին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդը եւ Ջավախքից Բաբկեն վարդապետ Սալբիյանը: Վարդապետը սրբապատկեր Է նվիրել դեսպանին՝ նրան մաղթելով հաջող եւ արգասաբեր գործունեություն:

Իշխանությունների ներկայացուցիչների եւ բնակչության հետ դեսպանի հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում Վրաստանի նոր միգրացիոն օրենքի, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանում մաքսային կարգավորումների հետ կապված հարցերը, որոնք որոշակի բարդություններ են ստեղծում տեղի բնակչության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում