Դիլետանտիզմի քաղաքական ներկայացուցիչները

ԱԺ-ում տեղի ունեցած հերթական քառօրյայի ավարտին տեղի ունեցած պետբյուջեի քվեարկության ժամանակ բացի ՀՀԿ-ից՝ մնացած բոլոր խմբակցությունները դեմ քվեարկեցին:

Այս կապակցությամբ երեկ լրագրողները վարչապետին դիմեցին հարցերով: Հովիկ Աբրահամյանը «Եռյակի» քայլերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց` հայտնելով. «Ամեն միջոց ձեռնարկեցինք, համագործակցության կոչ արեցինք, որպեսզի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին տանք միասնական լուծում, որոշումը իրենցն է, մենք ցանկանում ենք միասնական աշխատել, մեր նպատակը Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն է, կմիանան մեր ընդհանուր գործին, շատ լավ, չեն միանա, մենք ունենք այնքան ներուժ, որ կարող ենք բոլոր խնդիրներին լուծում տալ, ուղղակի մի քիչ ժամանակ է անհրաժեշտ»:

Վարչապետի խոսքից ակնհայտ է դառնում, որ իրականում «Եռյակի» հետ համագործակցություն, այն է՝ դիալոգ սկսելը, սպասված մոտեցում է եղել և իշխանություններն ադեկվատ պատասխանի ու քայլերի սպասում են ունեցել: Հարկավոր է ընդգծել, որ դիալոգի գաղափարին հետևելը և իշխանությունների ուղարկած «մեսիջին» պատասխանելը, միանշանակ, վատ տպավորություն չէր թողնի, ավելին` հասարակության մոտ չէր ասոցացվի ծախվելու կամ պատվեր կատարելու հետ (ինչից հատկապես վախենում են եռյակային ուժերը):

Հատկապես այն պարագայում, երբ «Եռյակը», իրենց իսկ բնորոշմամբ, ոչ իշխանական կառույց է, այլ ոչ թե ընդդիմադիր, և համագործակցությունը կարելի էր մեկնաբանել սոսկ այն տեսակետից, որ դա քայլ է, որը տանելու է երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրադրությունը հստակեցնելուն և արտաքին ազդակներին ընդհանուր ճակատով դիմակայելուն:

Ամեն դեպքում, իշխանություն-ընդդիմություն սահուն կապը, որը դեմոկրատական գրեթե բոլոր համակարգերում աշխատում է, ՀՀ քաղաքական համակարգում չկայացավ, որը ևս մեկ անգամ խոսում է, որ քաղաքական դաշտի չկայացվածության ու անառողջ դրսևորումների մասին:

Ա.Ս.

Հետևեք մեզ նաև Telegram-ում