«Կարմիր գծից» զգուշացող «տոլերանտ» հասանների, հայրենական «արտադրության» «հաշտարարների» և Ցեղասպանության հինգերորդ ազգայնամոլ սերնդի մասին

«Կարմիր  գծից»  զգուշացող «տոլերանտ»  հասանների,  հայրենական «արտադրության» «հաշտարարների» և  Ցեղասպանության հինգերորդ ազգայնամոլ  սերնդի մասին

Նպատակն արդարացված է. Ցեղասպանության հինգերորդ սերունդը դիմակազերծեց ցեղասպանի  «կարմիր  գծից»  զգուշացող  «տոլերանտ»  շարունակությանը

Թուրքիան իր  քաղաքականության մեջ նոր տարրեր է  մտցրել. ազատ, բայց պատասխանատու  մտավորականության  ստեղծում, այսինքն՝  պալատական մտավորականներ,  որոնք արտաքինից դեմ են թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը, նույնիսկ գործածում են «ցեղասպանություն» եզրույթը, բայց  իրականում  աշխատում են Թուրքիայի վարկանիշի և հեղինակության համար՝ փորձելով  չանցել  «կարմիր  գիծը»՝  չմտնել  փոխհատուցման հարթություն: Այսպիսիք Թուրքիայում շատ են` Ալի Բայրամ Օղլու, Ջենգիզ Աքթար, Հասան Ջեմալ, Բասքըն Օրան և ուրիշներ, որոնք  այսպես կոչված՝ հայ-թուրքական երկխոսության, հաշտության «ջատագովներն» են, որոնց հայտարարություններն ըստ էության  չեն վնասում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ավելին՝ քողարկում են դա՝  ի ցույց են դնելով  անհատների «բարի կամքը», թուրքական «հանդուրժողականությունը»:

Այս օրերին  Երևանում  գտնվող ցեղասպան Ջեմալ փաշայի թոռը նրանցից մեկն է, ով  թեպետ օգտագործում է «ցեղասպանություն» ձևակերպումը, բայց ոչ որպես հայ ազգի գաղափարակից, այլ համաշխարհային տուրնեի դուրս եկած թուրքական «հանդուրժողականության» ֆիգուր՝ 1915 թվականի ֆոնին: Այս իրողությունը լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ «գաղտնազերծեց» թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով իր մաշկի վրա է զգացել թուրք պալատական մտավորականների «հանդուրժողականությունն» ու «ժողովրդավար» լինելը. Մելքոնյանը թարգմանել է  Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որի տպագրման և տարածման իրավունքներն  այնուհետ վերապահվել էին «Հրանտ Դինքի» հիմնադրամին, որն առանց իր հետ համաձայնեցնելու, որը պայմանագրի կետերից մեկն է,  հանել է իր ներածական  խոսքը և բացատրական տողատակերը, որոշ դեպքերում բացատրությունները աղավաղվել, աղճատվել են, մինչդեռ դրանց առկայությունը գիտական հրատարակությունների  կանոններից է: Օրինակ՝ արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացման» մասով Ռուբեն Մելքոնյանը գրել է, որ դա հակասում է իրական փաստերին և ինքը որպես թարգմանիչ, դրա հետ համաձայն չէ, ինչը հանվել է.«1992-93թթ. հայերը գրավեցին Ղարաբաղը և օկուպացրին Ադրբեջանի 10 տոկոսը»: Այստեղ ես ուղղակի տվել էի պարզ մի մեկնաբանություն՝ այս նախադասությունը հակասում է պատմական իրողություններին և թարգմանիչը չի կիսում այն: Մեկնաբանությունը հիմնադրամի կողմից հանվել էր: Բայց նմանատիպ այլ մեկնաբանություններ, որոնք ավելի անվտանգ էին և վերաբերում էին պատմության ավելի վաղ շրջաններին, պահպանվել են»:

Ի դեպ, իր թարգմանած գիրքը թուրքագետը տեսել է շնորհանդեսին, իսկ տեղի ունեցածի մասին տեղյակ է պահվել հիմնադրամի փաստաբանին՝ Ֆեթիե Չեթինին, ով  խոստացել է ուսումնասիրել պայմանագիրը: Թուրքագետն ասում է, որ անկախ ամեն ինչից իր նպատակը, որի համար նախաձեռնել էր գրքի թարգմանությունը, արդարացվել է. Հասան Ջեմալը դիմակազերծված է՝ նա  թուրքական պաշտոնական թեզի կրողն ու տարածողն է, մասնավորապես՝ դեմ է հողային փոխհատուցմանը, սահմանների փոփոխությանը:

«Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է թուրք գրողը ժխտողից դառնում Հայոց ցեղասպանությունը ընդունող: Հասան Ջեմալի այս գրքի միջոցով հայ հասարակությունը պետք է տեսներ, թե նա ինչ է գրում և ինչ է մտածում, հայ հասարակությունը պետք է ճանաչեր նրան: Բայց նա   միայն առաջին հայացքից է հանդուրժող: Իրականում Հասան Ջեմալը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ալիևյան դեսպոտային հռետորաբանության ջատագովն է, ով Երևանում իր պապին սպանողներին համարեց վրիժառու ավազակախումբ, իսկ ԱՍԱԼԱ-ի գործողությունները որակեց որպես ահաբեկչություն: Նա իր իրական դեմքը ցույց տվեց ԵՊՀ-ում՝ հայ ուսանողների հետ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ժամանակ՝ ասելով, որ Երևան եկել է ոչ թե խոսելու այն, ինչ մենք զգում ենք, այլ այն, ինչ ինքն ուզում է: Բայց ԵՊՀ-ում  18 տարեկան ուսանողը կարողացավ դիմակազերծել, ոչնչացնել նրան, ինչի մասին հետո նա ինքը խոստովանեց՝ կես կատակ կես լուրջ ասելով, թե եթե իմանար ինչ է իրեն սպասվում   տողատակերը չէին հանի, որովհետև դրանով ավելի մեծ վտանգ հասցրեցին իրենց որդեգրած քաղաքականությանը: Խնդիր կա ճանաչելու Հայաստանը, հայ երիտասարդությանը, քանի որ նրանց կողքը կանգնած խորհրդատուները՝ «Ակոս» թերթ… չեն ճանաչում Հայաստանը, երբ 2.5 ժամ տևած հանդիպումից նա դահլիճից դուրս եկավ ասեց. «Ես չգիտեի հայ երիտասարդությանը, ես այսօր հանդիպեցի Ցեղասպանության հինգերորդ սերունդին և զարմանքով ու վախով տեսա, թե ինչքան խորն է Ցեղասպանության ցավը նրանց մեջ, ինչքան դժվար է լինելու Թուրքիայի աշխատանքն այդ հարցում»»,-պատմեց թուրքագետը:

Թուրքական քաղաքականության  դեսպանները Հայաստանում. 2 միլիոն եվրո հայ-թուրքական հաշտեցման իմիտացիա ստեղծելու  դիմաց

2014-ի սկզբին  ԵՄ-ից հայկական և թուրքական մի քանի հասարակական կազմակերպություններ 2 միլիոն եվրո դրամաշնորհ են ստացել՝  հայերին և թուրքերին հաշտեցման տանող միջոցառումների իրականացման համար, որոնք ավարտվելու են 2015-ի ապրիլի 23-ին: Այս հաշտարարների թվում են՝ Հայաստանում գործող «Հանրային լրագրության ակումբ»-ը, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ը, «Սիվիլիթաս» և «Եվրասիա» հիմնադրամները, Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամն ու «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը:

«Դրանց թվում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որի հետ համագործակցությունից ԵՊՀ-ն պաշտոնապես հրաժարվել է: Շատ դեպքերում մեր ուսանողներին այդ և նմանատիպ այլ հիմնադրամներից թուրքերեն լեզվի դասընթացների մասնակցելու հրավերներ են գալիս, խոստացվում է հոգալ կեցության և մնացած այլ ծախսերը՝ միայն նրա համար, որ հայ-թուրքական երկխոսության իմիտացիա ստեղծվի: Չորս ամիս լվանում են հայ երիտասարդների ուղեղները: Կամ՝ հրավիրում են  Թուրքիայում դասավանդել  հայերեն, իսկ Թուրքիայում հայագիտությունը գիտակարգ չէ, ինչպես մեզ մոտ թուրքագիտությունն է,  ուստի հետաքրքիր է՝  ո՞ւմ են նրանք դասավանդում հայերեն: Ես ցավում եմ, որ, երբեմն, դա նրանց հաջողվում է, երբ նրանց ծրագրերին մասնակցած ուսանողները հետո կարող են  ասել՝ բա գիտեք, թե ինչ դժվար է Թուրքիայում  մտավորականների համար: Ավելին՝ լրագրողները ևս թիրախ են. այս ծրագրի շրջանակներում 40 լրագրողի տարել են Թուրքիա՝ առողջարանական գոտիներ, տեսարժան վայրեր՝ ակնկալելով  դրական քողի տակ հոդվածներ, դե հասկանալի է, թե դրանք ինչ բնույթի պետք է լինեն: Պետք է ասեմ, որ Հրանտ Դինքը հակասական կերպար էր, բայց անձ էր, որն ապրել էր էվոլյուցիա և իր կյանքի վերջին  ինչ-որ չափով վնասում էր թուրքական քարոզչությանը։ Իսկ հիմնադրամը որևէ կապ չունի Հրանտ Դինքի անձի հետ։ Այստեղ մենք գործ ունենք գրանտային ծրագրի հետ, որը թուրքական քարոզչություն է իրականացնում և սպասարկում է Թուրքիայի շահերը։ Ինձ համար «Ակոս»-ի խմբագրության կազմը ոչնչով չի տարբերվում շարքային թուրքից։ Այս օրերին Երևանում Հրանտ Դինքի եղբայրը՝ Երվանդ Դինքը ինձ ասաց՝ դեռ բոլոր տողատակերդ պիտի հանեին: Այնպես, որ պետք է հասկանալ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան նոր քարոզչություն է սկսելու, 2015-ի ֆոնին տարբեր ծուղակներ են լարելու մեր դեմ։ Ընդ որում, չեն լինելու բացահայտ հակահայկական գործողություններ, ամեն ինչ արվելու է գրանտակեր հիմնադրամների շնորհիվ»,-մանրամասնեց թուրքագետը՝ պնդելով, որ չպետք է թույլ տրվի երկրում նրանց գործունեությունը և, որ սենտիմենտալիզմից պետք է դուրս գանք իրավական հարթություն: Պետք է առաջին հերթին թուրքական կողմից հնչի  Հայոց Ցեղասպանության իրավական գնահատական, հատուցում, ինչից հետո  նոր միայն կարող է սկսվել հայ և թուրք գործիչների միջև երկխոսություն: Ըստ նրա՝ Թուրքիայում կան մտավորականներ, որոնց հետ կարելի է երկխոսել, բայց նրանք ստվերում են, չեն երևում:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ. Նկարի հեղինակ՝ Արայիկ Օհանյան (Արզօ)

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում