Բուրաստանի կես դարից ավելի չգործող եկեղեցում կատարվեց ժամերգություն

Բուրաստանի կես դարից ավելի չգործող եկեղեցում կատարվեց ժամերգություն

Արարատի մարզի Բուրաստան համայնքի կես դարից ավելի չգործող Սուրբ Հակոբ եկեղեցում դեկտեմբերի 13-ին կատարվեց ժամերգություն: Եկեղեցական արարողությանը ներկա էին ողջ գյուղապետարանի անձնակազմը` գյուղապետ Աշոտ Թարվերդյանի ղեկավարությամբ, Բուրաստանի եւ շրջակա համայնքների բնակիչները: Հակոբ Մծբնա Հայրապետի անունը կրող 13-րդ դարի հինավուրց եկեղեցում ժամերգությունը կատարեց Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը: Վերջինս խոսեց նաեւ օրվա խորհրդի մասին: Նա ասաց, որ դեկտեմբերի 13-ին հանրապետության բոլոր Սուրբ Հակոբ եկեղեցիներն ի պատիվ նրա տոնի` կատարում են պատարագ: Հոգեւոր հովիվը ներկայացրեց Մծբին քաղաքի Հայրապետ Սուրբ Հակոբի կյանքը, նրա հրաշագործությունները: Նա հորդորեց հավատավոր ժողովրդին հետեւել նրա օրինակին, ապրել սրբակենցաղ վարքով, օգնել թույլին, հիվանդին, տկարին: Տեր հայրը խնդրեց Սրբին բարեխոս լինել մեր եւ Աստծո միջեւ, խաղաղ պահել ողջ մոլորակն ու Հայաստան աշխարհը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, եկեղեցին չգործելու տարիներին ծառայել է եւ որպես զորանոց, եւ թունաքիմիկատների պահեստ: Այսօր այն հարդարված է մասնակիորեն: Աշոտ Թարվերդյանը նշեց, որ աշխատանքներ է տանում Արարատյան Հայրապետական թեմի հետ` եկեղեցին վերաօծելու ուղղությամբ, որից հետո ամեն կիրակի եկեղեցում կմատուցվի պատարագ:

Դեկտեմբերի 13-ին` Սուրբ Հակոբի տոնի կապակցությամբ, մարզի երեք համանուն եկեղեցիները մատուցեցին պատարագ:

Լիլիթ Մաճկալյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում