Հայաստանը կյանք փրկող նոր ծրագիր կներդնի սրտի վիրահատության կարիք ունեցողների համար

Հայաստանը կյանք փրկող նոր ծրագիր կներդնի սրտի վիրահատության կարիք ունեցողների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի հունվարի 1-ից կիրականացնի նոր ծրագիր` ուղղված սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացմանը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով կհատկացվի 500 մլն դրամ: Սակայն, ովքե՞ր և ինչպե՞ս կարող են օգտվել այս ծրագրից: Ինչպիսի՞ն են կոռուպցիոն ռիսկերը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի հարցազրույցը` ծրագրի իրականացման մանրամասների մասին:

-Պարո´ն Պողոսյան, ինչո՞վ է պայմանավորված Առողջապահության նախարարության կողմից սրտի ստենտավորման նոր ծրագրի ներդրումը:

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից է եղել բնակչության բոլոր խավերի համար սրտի անհետաձգելի վիրահատություններ կազմակերպելու խնդիրը: Վերջին տարիներին բազմաթիվ քայլեր են իրականացվել սրտի վիրաբուժության բնագավառում: Եվ այս ծրագիրն էլ այդ քայլերից մեկն է ու ուղղված է սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն: Ծրագրով քաղաքացիներին առաջարկվում է անվճար օգտվել մեկ ոչ դեղապատ ստենտի տեղադրումից: Եթե հիվանդը ցանկանում է դեղապատ ստենտ տեղադրել, այդ դեպքում նա պետք է վճարի վիրահատության համար:

-Ովքե՞ր են ծրագրի շահառուները:

-Ծրագիրը նախատեսված է հասարակության բոլոր խավերի համար, բացառությամբ այն քաղաքացիները, ովքեր արդեն ներառված են սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Դրանից օգտվելու միակ պայմանը բժշկական ցուցումն է: Նախարարության կողմից սահմանվելու են չափորոշիչներ, որոնցով հստակեցվելու են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Այդ չափորոշիչները կտեղադրվեն նաև մեր կայքում` հանրությանն իրազեկելու նպատակով: Ներկայումս քննարկման փուլում է նաև, թե սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող ո՞ր բուժհաստատություններում կներդվի ծրագիրը: Այս պահին ՀՀ-ում մենք ունենք 10 նման հաստատություն` ութ կլինիկա Երևանում, ինչպես նաև Գյումրիի ԲԿ-ն և Գորիսի սրտաբանական կենտրոնը:

-Վիճակագրական տվյալների համաձայն` սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների քանի՞ տոկոսն այսօր ստենտավորման կարիք ունի:

-Հայաստանում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում: Իսկ տարեկան ստենտավորման կարիք են ունենում 3000- 3500 հիվանդներ, որոնց 30- 40 տոկոսը կարող է ներգրավվել ծրագրում:

-Իսկ արդյո՞ք սա նոր կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում: Ի՞նչ աշխատանքներ է տանում նախարարությունը` այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

-Առողջապահության նախարարի հրամանով լայնածավալ նախապատրաստական աշխատանքեր են տարվում այդ ուղղությամբ: Մենք հետևելու ենք, որ հենց սկզբից հիվանդի վիճակը ճիշտ գնահատվի, նվազագույնի հասցվեն հնարավոր բոլոր ռիսկերը և ապահովվի քաղաքացու իրազեկությունը: Մեր հանձնաժողովներն ուսումնասիրություններ են իրականացնում կոռուպցիոն ռիսկերը իսպառ վերացնելու համար: Իսկ նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը կվերահսկի ծրագրի իրականացման ընթացքն ու որակը: Կսահմանվեն մոնիթորինգի իրականացման չափորոշիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում