Գյումրու օդանավակայանի ուղևորների թիվը գրեթե կրկնակի նվազել է

Գյումրու օդանավակայանի ուղևորների թիվը գրեթե կրկնակի նվազել է

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորների թիվն այս տարվա 11 ամիսների կտրվածքով գրեթե երկու անգամ նվազել է: Այս մասին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը՝ պատա սխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: «Այս տարվա 11 ամիսների կտրվածքով ուղևորների թիվը եղել է 19 հազար: Նրանց թիվը երկու անգամ նվազել է, քանի որ անցած տարի օդանվակայանի ուղևորների թիվը 36 հազար է եղել: Այսինքն, ունենք բացասական դինամիկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետիսյանը:

Պատգամավորի մյուս հարցին, թե մինչ այս պահը օդանավակայանի ուղևորներից գանձված օդի պետական տուրքը, որից կառավարությունն առաջարկում է ազատել ուղևորներին որքա՞ն է կազմել, Ավետիսյանը պատասխանեց, որ ընդհանուր գումարը կազմել է 119 միլիոն դրամ: Փոխնախարարը վստահեցրեց, որ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունն ավելի դրական է ազդելու ՀՀ պետական բյուջեի վրա, քան ներկայացված փաստացի թվերը:

Փոխնախարարն ընդգծեց, որ կառավարությունը ցանկանում է Գյումրու օդանավակայանը վերածել բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայանի: ««Արմենիա» միջազգային օդանավակայանի տնօրինության հետ կա պայմանավորվածություն , որպեսզի նրանք էլ իջեցնեն իրենց սակագները: Կա ստորագրված փոխըմբռնման հուշագիր նրանց հետ: Ներկայումս վարվում են բանակցություններ մի շարք ավիաընկերությունների հետ՝ նրանց մուտքն ապահովելու դեպի Հայաստան: Խոսքն այս դեպքում գնում է բյուջետային ավիաընկերությունների մասին: Ընդհանուր առմամբ, ծրագիրը սա է: Հիմա մի քիչ շուտ է խոսել արդյունքների մասին, որովհետև բանակցությունների ավարտից հետո միայն հնարավոր կլինի հասկանալ, թե մենք ինչ արդյունքներ կստանանք»,- նշեց փոխնախարարը:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանի խնդրանքով էլ Սերգեյ Ավետիսյանը մեկնաբանեց, թե ինչ նկատի ունի՝ բյուջետային ավիաընկերություններ ասելով: «Բյուջետային ավիաընկերությունն այս պահին աշխարհում շատ լայն տարածում ունեցող հասկացություն է: Խոսքը գնում է ցածր որակի և ցածր գնային առաջարկով ավիաընկերությունների մասին, որոնք ագրեսիվորեն մտել են եվրոպական շուկա և կարողացել են փոխել ավիափոխադրումների տրամաբանությունը: Նշեմ նաև, որ սա բյուջեից ֆինանսավորում չի ենթադրում: Խոսքն ընդամենը ցածր գնային առաջարկով և ցածր որակ ապահովող ավիաընկերություններն են»,- բացատրեց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում