Ամփոփվել են «Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի արդյունքները

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը մասնակցել են «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթի ամփոփմանը: Վեհափառն ու նախարարը մրցույթի հաղթողներին հանձնել են մրցանակներ, ունկնդրել երեխաների կատարմամբ առակների բեմականացումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, կարևորելով ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոն»-ի համատեղ նախաձեռնությունը` Վեհափառ Հայրապետը նշել է, որ յուրաքանչյուր տարի Մայր Աթոռը ջանում է դպրոցահասակ երեխաներին մասնակից դարձնել այնպիսի մի իրադարձության, որով նրանք կհարաբերվեն պատմական ազգային կյանքին առնչվող երևույթների հետ:

«Ընտրում ենք նաև հոգևոր կյանքին առնչվող թեմաներ` մատաղ սերնդին Աստվածաշնչյան իմաստությանը հաղորդ դարձնելու նպատակով: Այս տարի ընտրված են առակներ, որոնք նաև իմաստություն և արժեքներ են սերմանում: Մենք ուրախ ենք, որ դպրոցներում ավանդույթ են դարձել այս կարգի միջոցառումները և նկատելի է, որ տարեցտարի ավելի շատ թվով դպրոցներ են մասնակցություն բերում կրթության նախարարության հետ համատեղ կազմակերպած մրցույթներին: Նպատակը մեր զավակներին խրախուսելն է, որպեսզի նրանք մեծանան որպես արժանավոր զավակներ և իրենց օգտակարությունը բերեն մեր հայրենիքին և մեր ժ ողովրդին»,- իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում ընդգծել է. «Պատահական չէ, որ ՀՀ ԿԳ նախարարությունն ավանդաբար արդյունավետ համագործակցում է Մայր եկեղեցու հետ: Կրթության գործի կազմակերպման առումով փաստացի նախարարությունը Մայր Աթոռի կրթական առաքելության իրավահաջորդն է, քանի որ դարեր շարունակ կրթության և գիտելիքի լույսը սփռվել է եկեղեցու համակարգում գործող դպրոցների շնորհիվ: Չմոռանանք, որ հայոց գրերի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշոտցը, նույնպես հոգևորական է եղել, ում հայ եկեղեցին սուրբ է ճանաչել: Այնքան խորն է կրթության և հոգևոր կյանքի կապը, որ անիմաստ է այսօր մեզ մեղադրել, որ չենք կարողանում հրաժարվել եկեցեղու հետ հոգևոր մեծ կապից»: Արմեն Աշոտյանը նաև հավելել է, որ քրիստոնեական առակները իմաստության անսպառ պաշար են, որոնք շատ կարևոր են երեխաների դաստիարակության համար՝ բարեպաշտ և արժանավոր սերունդ կրթելու տեսանկյունից:

«Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը, համաձայն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանի, անցկացվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում: Հոկտեմբեր-նոյեմբերին կայացել են մրցույթի տարածաշրջանային ընտրական և մարզային փուլերը, որոնց մասնակցել են ավելի քան 800 դպրոցներ: Դեկտեմբերի 8-10-ը Մայր Աթոռում կայացած հանրապետական փուլին մասն ակցել են հանրապետության 15 լավագույն դպրոցները: Մրցանակները հանձնվել են «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն», «Լավագույն սցենար», «Հայրապետական մրցանակ» անվանակարգերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում