Պատշաճ «հարցաքննության» և հիմնավոր «ցուցմունքի» սպասելիս

Պատշաճ «հարցաքննության» և  հիմնավոր «ցուցմունքի» սպասելիս

Գլխավոր դրամատան նախագահն այսօր վստահեցրեց, թե Կենտրոնական բանկի գերնպատակը լինելու է գների կայունությունը և գնաճի զսպումը. «Կենտրոնական բանկը վստահ է, որ տիրապետում է գնաճի զսպման մեխանիզմներին: Գների կարճաժամկետ կայունացման և դոլարիզացիայի մակարդակի կարգավորման համար ԿԲ-ն արդեն իսկ երկու շաբաթ առաջ բարձացրեց լոմբարդային տոկոսադրույքը մինչև 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է, և տոկոսադրույքները հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքերը հաշվի առնելուց հետ ԿԲ-ն որոշում կկայացնի տոկոսասդրույքի և գնաճի հավասարակշռման մասին»,– ասաց Արթուր Ջավադյանը՝  չմոռանալով այս անգամ էլ զգուշացնել իրավիճակից օգտվել փորձող  տնտեսավարողների մասին,  որոնք  կգնան արհեստականորեն գների բարձրացման կամ արտարժույթով գնանշումների կատարման, որը օրենսդրական լուրջ խախտում է և պատժելի արարք է:

Բայց, երբ գործը հասավ ավելի առարկայական խոսակցության և պատիժների անհրաժեշտության, Արթուր Ջավադյանը հանկարծ հիշեց, որ իրենք անզոր են՝  խանութպանի ձեռքին չեն կարող խփել. «Մենք վերահսկում ենք ՀՀ բանկերին, ֆինանսական շուկաների մասնակիցներին, մենք նրանց ենք վերահսկում, բայց չենք կարող վերահսկել մի խանութպանի, որ գներ է ավելացնում, մենք ի՞նչ կարող ենք անել: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք դա բացահայտում ու պատժում ենք: Պետք չէ ԿԲ-ից ավելին սպասել, քան այն գործողությունները, որ անում են, օրինակ` լոմբարդի տոկոսադրույք են ավելացնում և այլն: Եթե դուք սպասում եք գլխատումներ, գնդակահարություններ` դա մեր գործը չի»:

Պարոն Ջավադյանին, թերևս, կարիք կա հիշեցնելու, որ նախորդ տարվանից մինչ  այսօր շուրջ 10.000 փոքր խանութ է փակվել, այսինքն՝  գների կամայական կամ արհեստական թանկացնողը մի սովորական խանութպան չէ, այլ, ասենք, խորհրդարանում ներկայացված խոշոր գործարար: Երկրորդ՝ ըստ մասնագետների ԿԲ-ն Ջավադյանի  ասած՝ գործառույթներն էլ  լավ չի  կատարում:

Մյուս կառույցի՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը, ով պետք է կարգի հրավիրի հարստանալու մոլուցքով տառապող խոշորներին, օրեր առաջ հայտարարեց՝  գների արձանագրված աճը համահունչ է դրամի արժեզրկմանը և չարաշահումներ չկան: «Այն ապրանքատեսակները, որոնց գծով մենք ուսումնասիրություն ենք իրականացրել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-12, 13 տոկոսի միջակայքում այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս»,– համոզում էր Շաբոյանը: Այստեղ, թերևս, տեղին է հիշել ՀԴԿ առաջնորդի միտքը. «Իրենք նույն բիզնեսի տղերքն են, եթե մի բան ասի, կասեն՝ բա դու ինչ ես անում»:

Մեկ փաստ, որի համաձայն, օրինակ, շաքարավազի թանկացումն անհիմն է. ՊԵԿ-ի մաքսային ծառայության ներմուծման ապրանքների մասին վերջին հայտարարագրի  վրա հիմնված  որոշ տեղեկությունների՝ վերջին անգամ մեծաքանակ շաքարավազ Հայաստան ներմուծվել է ՀՀ նույեմբերի 7-8-ը՝ ըստ մաքսազերծման ժամանակացույցի: Այդ ընթացքում դոլարի միջին փոխարժեքն ըստ ԿԲ-ի,  եղել է մինչև 430 դր, իսկ շաքարավազի ներմուծման 99%–ը պատկանում է “Ալեքս Գրիգ” ընկերությանը: Այսինքն՝ թանկացումը չունի որևէ հիմնավորում: Նշենք, որ այսօր առավոտյան «Երեւան սիթի» սուպերմարկետներում 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր  482 դրամով, ավելի ուշ՝  442-ով, մինչդեռ դեկտեմբերի 9-ին շաքարավազի 1 կիլոգրամն արժեցել է 373 դրամ:Այս ցանկը կարելի է շարունակել. ըստ արձանագրվող գնային տրամաբանության՝  ձեթ, կարագ ներմուծվում է ամեն օր, քանի որ ամեն օր դրանց գնի բարձրացում է գրանցվում: Որևէ հիմնավորում չկա նաև տեղական արտադրանքի ամենօրյա թանկացմանը ու այստեղ նորից գալիս ենք բիզնեսի տղերքի և քաղաքական կամքի բացակայության մտքին:

Ի դեպ, այսօր Արժույթի միջազգային հինադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Թերեսա Դաբան Սանչեսը լսվատեսական պնդումներ է արել է, որոնք զայրացրել են ներկա հայրենի տնտեսագետներին և պատգամավորներին. «Հայաստանի մակրոտնտեսական կայունության արդյունք էր, որ գնաճը բավական երկար ժամանակ կայուն մակարդակում էր: Սակայն նոյեմբերին արդեն սկսվեցին թանկացումներ և ամսվա վերջին գրանցվեց 2.6 տոկոս գնաճ: Երբ դրանից հանում ենք գնաճի տատանողական տարրերը, ապա մինչ նոյեմբեր գնաճը բավականին ցածր է եղել: Սրանից հետևություն եմ անում, որ տնտեսությւոնը ի վիճակի կլինի կլանեն այս ցնցումը»,-շարունակել է  Սանչեսը:

Վերջինը զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի հետ, որտեղ ևս ազգային արժույթն արժեզրկվում է: «Այնտեղ գնաճը նախորդ ամիսներին 8-9 տոկոսի էր հասնում և տնտեսությունը չիկարողանում կլանել արժեզրկման հետևանքները: Կա մտավախություն, որ այնտեղ գնաճը կարող է երկնիշ թվի հասնել: Հենց դրա համար էլ երեկ ՌԴ կենտրոնական բանկը  բարձրացրեց վերաֆինասավորման տոկոսադրույքը»,- ընդգծեց նա:

Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 12-ամյա գնաճը 2014 թվականին կլինի կանխատեսվող մակարդակում` կազմելով 4%+1.5 տոկոսային կետ: Սակայն ներկայումս պարենային ապրանքների շուկայում բավականին բարձր գնաճ է: Փորձագիտական դաշտում հնչում են սպառողական շուկայում մինչև 10-15 գնաճի մասին գնահատականներ:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասում է՝ ճիշտ է վատ տուպիկի մեջ ենք հայտնվել, բայց այս ամենը պետք է հանգիստ տանենք, ասում է, որ ապրանքների  թանկացման հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գործողություններ կիրականացնի, մի մարմին, ով համոզում է, որ էդպես էլ պիտի լիներ:

Ի դեպ, տեղական արտադրանքի թանկացումից զայրացած  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատրաստվում է  բացատրություն պահանջել  Շաբոյանից. «Գնաճը միայն դրամ-դոլար տատանումների հետ չի կապված, այստեղ խնդիր կա, ուստի պետք է ամբողջ դաշտն ուսումնասիրել: Այդ թվում` սպեկուլյատիվ դաշտը` սկսած բանկերից, տեղական արտադրողից: Կանոնակարգված ձև կա, թե երբ կարող է ապրանք թանկացնել, այն է՝ երբ  գտնվում է գերիշխող դիրքում կամ հակամրցակցային պայմաններում: Ինչո՞ւ պետք է տեղական արտադրանքի գինն այդքան բարձրանա: Կենտրոնական բանկը կարող էր զսպել միայն դոլար-դրամ հարաբերությունը: Ես Շաբոյանին  կհրավիրեմ ԱԺ, որպեսզի այս հարցը պարզենք, և իրենց դիրքը չարաշահողները պատժվեն»,-օրեր առաջ ասաց Այվազյանը:

Մնում է սպասել, թե պատշաճ «հարցաքննություն» կիրականացվի՞ և որքանով հիմնավոր կլինի Շաբոյանի «ցուցմունքը»:

Հիշեցնենք, որ այս պահին պատգամավորները դռնփակ նիստում քննարկում են երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում