Հայաստանը Forbes-ի նոր վարկանիշում առաջ է անցնել Ռուսաստանից, Ադրբեջանից

Հայաստանը Forbes-ի նոր վարկանիշում առաջ է անցնել Ռուսաստանից, Ադրբեջանից

Հայաստանը բիզնեսի համար ամենահարմար պետությունների Forbes-ի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Ադրբեջանից, Ռուսաստանից և հետխորհրդային մի շարք երկրներից:

Forbes-ի` Հայաստանին առնչվող հատվածում նշվում է, որ պետությունը զարգացրել է ժամանակակից արդյունաբերական սեկտորը և քույր պետություններին ապահովում է տեքստիլով և այլ արդյունաբերական արտադրանքներով` փոխարենը նրանցից ստանալով հում հումք և էներգիա: Վարկանիշային ցուցակում ընդգծվում է, որ Հայաստանն ունի բաց առևտրային սահմաններ միայն երկու պետությունների` Իրանի և Վրաստանի հետ, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը փակ է 1993 և 1991 թվականներից ի վեր: Նշվում է ենթակառուցվածքներում ռուսական ներկայության մասին: Մասնավորապես խոսք է գնում բնական գազը Ռուսաստանից ներկրելու մասին:

Զեկույցում խոսվում է, որ Հայաստանում առևտրային անհավասարակշռությունը կոմպենսացվել է միջազգային օգնության, արտասահմանում աշխատող հայերի գումարային փոխանցումների և արտաքին ուղիղ ներդրումների շնորհիվ: Վերջում եզրակացություն է արվել, որ Հայաստանի տնտեսական աճը և մրցունակությունը ապահովելու համար երկրի իշխանությունները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեն և ուժեղացնեն օրենքի գերակայությունը, բարելավեն տնտեսական մրցունակությունն ու զբաղվածությունը:

Վարկանիշում Ադրբեջանը դարձյալ հետ է մնում Հայաստանից : Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ տեղը` հետ մնալով Վրաստանից (47) եւ Հայաստանից (56):

Նախկին խորհրդային երկրներից վարկանիշում հայտնվել են Էստոնիան (22), Լիտվան (24), Լատվիան (36), Ղազախստանը (65), Մոլդովան (75), Ուկրաինան (88) եւ Ռուսաստանը (91): Բիզնեսի համար ամենալավ երկիրը 2014 թվականին Forbes-ը ճանաչել է Դանիան: Առաջին եռյակի մեջ են Հոնկոնգը եւ Նոր Զելանդիան: Forbes-ի «Բիզնեսի համար լավագույն երկրները-2014» վարկանիշ են մտել 146 երկրներ:

Նրանց նվաճումները հետազոտվել են 11 հատկանիշներով` քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակ, սեփականության իրավունքի եւ ներդրումների պաշտպանվածության աստիճան, գների կայունություն, ապրանքների եւ ծառայությունների արտահանման եւ ներկրման համար խոչընդոտների առկայություն, տեխնոլոգիաների զարգացման մակարդակ, ինովացիաների ներդրում, բիզնեսի վրա պետության ազդեցության աստիճան, կոռուպցիա, հարկային բեռ եւ բաժնետոմսերի շուկայի վիճակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում