«2008-ին իշխանությունների «խփած» տոկոսները լեգիտիմացնելուց հետո Արևմուտքը ՀՀ-ում որևէ գործիք չունի, ՌԴ-ն ունի երկուսը՝ իշխանություն և ընդդիմություն».փորձագետ

«2008-ին իշխանությունների «խփած» տոկոսները լեգիտիմացնելուց հետո Արևմուտքը ՀՀ-ում որևէ գործիք չունի, ՌԴ-ն ունի երկուսը՝ իշխանություն և ընդդիմություն».փորձագետ

Լրագրողների հետ հանդիպմանը ընթացիկ տարվա ներքաղաքական կարևոր իրադարձություններից քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համարեց  կառավարության նոմինալ փոփոխությունը՝ նկատելով, որ ՀՀ-ում տնտեսական քաղաքականությունը  կառավարության փոփոխությամբ չի փոխվի, քանի որ որոշում կայացնողը նախագահն է: Ըստ նրա՝ մեկ զանգը նախագահականից  բավարար է համապատասխան կառույցի ղեկավարին, որ  թույլատրվի  պարենային և ոչ պարենային ապրանքների ներկրում տարբեր անձանց կողմից, այլ ոչ թե մեկ հոգի շաքարավազ ներկրի, ինչը  չարվեց:

Ինչ վերաբերում է քառյակի, եռյակի գործունեությանը և համաժողովրդական շարժման տեսլականին, փորձագետը նկատեց, թե ոչ մի համաժողովրդական շարժում էլ չեղավ՝ ակնարկելով, թե բացված համապատասխան շտաբերի նպատակը, գործողությունները տեսանելի չեն, ավելին՝ ԲՀԿ առաջնորդի մարդ-կուսակցությունների հետ հանդիպումը Բադալյանը համարեց  ընդամենը  եթերը  լցնող PR ակցիա:

Անդրադառնալով  անցնող  տարվա  արտաքին գլխավոր իրադարձությանը՝  Հայաստանի՝  ԵՏՄ անդամակցությանը, փորձագետը նկատեց, որ դրա շրջանակում  Հայաստանը վասալային հարաբերությունների մեջ է լինելու, բայց խնդիրը ԵՏՄ-ի մեջ չէ,  ԵՄ-ի դեպքում նույնն էր լինելու. «Օրինակ՝ Եվրամիությունում Բուլղարիան վասալային երկիր է, քանի որ կամավոր հրաժարվեց գազային հոսքից, որը նրան օդից եկամուտներ էր բերելու»:

Այս համատեքստում Բադալյանը նկատեց, որ ԵՏՄ-ի դեմ ակցիաները ցույց տվեցին, որ ՀՀ-ում արևմտամետ զանգված գրեթե չկա,  ինչը արդյունք է Արևմուտքի՝ 2008-ին իշխանությունների «խփած» տոկոսները լեգիտիմացնելու քաղաքականության:

«Այսօր Արևմուտքը ՀՀ-ում որևէ գործիք չունի, ՌԴ-ն ունի երկու գործիք՝ իշխանություն և ընդդիմություն: Եվ եթե ընդդիմությունը ուզում է ինչ-որ փոփոխության հասնել, պետք է Կրեմլի հետ համագործակցի, իհարկե, եթե այնտեղից ցանկանան: Իսկ իշխանությունը մյուս տարի ևս փորձելու է պահել  իր դիրքերը»,-ընդգծեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

Հանդիպմանը ներկա վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսակցության թեման դարձյալ տեղափոխեց ԵՏՄ հարթություն՝ նկատելով, թե  նոր չէ, որ ՀՀ-ն իր ինքնիշխանությունը պիտի կորցնի, այն վաղուց է կորցրել:

Ինչ վերաբերում է կառավարության  կազմի փոփոխությանը, ապա Արմեն Բադալյանի հետ համաձայն է՝ ծրագրային և ռազմական առումով որևէ լուրջ փոփոխություններ տեղի չունեցան. «Տնտեսական քաղաքականության հիմքում չկա զարգացում, արդյունաբերություն և  հեղափոխական քայլերի գնալու ցանկություն, այսինքն՝ խնդիրը եղած  ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելն է միայն: Նոր կառավարությունը փորձում է ստվերից դուրս բերել բիզնեսը, այլ ոչ թե ստեղծել ինչ-որ նոր արտադրություններ»:

Տնտեսագետը շարունակելով միտքը, նկատեց, թե դրամ-դոլար փոփոխություններն ապացուցեցին, որ ՀՀ տնտեսությունը չունի իմունիտետ արտաքին և ներքին սպեկուլյացիաների հանդեպ. «Մենք տեսնում ենք, որ երբ մոտ տասնհինգ տոկոս ավելի քիչ է արտարժույթ գալիս արտագնա աշխատանքների մեկնած մեր համաքաղաքացիների կողմից, ապա միանգամից դա ազդում է մեր տնտեսության վրա»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում