Տասնյակ երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել. Ազատություն ռադիոկայան

Տասնյակ երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել. Ազատություն ռադիոկայան

Երթուղայինների վարորդների՝ երեկվանից սկսած գործադուլը այսօր առավոտից արդեն նոր թափով տարածվել էր նաև մայրաքաղաքի այլ համայնքներում:Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկյանը: Նորքի զանգվածները սպասարկող տասնյակ երթուղիների վարորդները նախ փորձեցին փողոց փակել, իրավապահների միջամտությունից հետո հարյուրի հասնող «Գազել»-ները տեղափոխվեցին Մյասնիկյանի պողոտա՝ իրար հետևից կայանելով փողոցի երկայնքով: Վարորդները կանգնեցնում էին գործադուլին չմիացած գործընկերների մեքենաները՝ հորդորում իրենց հետ շարունակել բողոքի ցույցը:

Ոստիկանները ցուցարարներին կոչ արեցին բողոքի ակցիան կենտրոն չտեղափոխել՝ խցանումներ չառաջացնելու համար:

Վարորդների պնդմամբ՝ գազի թանկացման պատճառով վերջին օրերին աշխատել են վնասով՝ գծատերերին պարտք մնալով 30-ից 60 հազար դրամ:

«Ես, փաստորեն, աշխատում եմ ուրիշի համար: Հինգ օր է՝ մեկը եկե՞լ հարցրել է վարորդներին՝ դուք էսօր փող առե՞լ եք: Մենակ պարտքեր ենք արել, որ այս քանի օրը մի քիչ աշխատել ենք՝ հիմա այդ պարտքերը ուզում են, ո՞նց տանք», – մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Գազ են թանկացնում, սաղ ուտելիքները թանկացրել են», – դժգոհեց մեկ այլ վարորդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում