«Փորձեցին նախագահին ցույց տալ, որ առանց մեզ դու չես կարող այդ հարցերը լուծել». փորձագետը պնդում է՝ հարձակումները Բաղրամյան 26-ում չէին նախագծվել

«Փորձեցին նախագահին ցույց տալ, որ առանց մեզ դու չես կարող այդ հարցերը լուծել». փորձագետը պնդում է՝ հարձակումները Բաղրամյան 26-ում  չէին նախագծվել

«Այս բոլոր դեպքերը՝ Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզում, ազատամարտիկների ծեծ,  պատգամավորի վրա հարձակում մեկ շղթայի օղակներ չեն, որոնք  իրար կողք են դնում»-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ լուրջ չհամարելով իշխանության կազմակերպմամբ Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզումը: Ըստ նրա՝ Նախախորհրդարանը, որի հավաքներին 50-60 հոգի է մասնակցում, իշխանության համար չի կարող վտանգ ներկայացնել:

Արմեն Բադալյանը տարօրինակ համարեց նաև  «Ազատամարտիկների դաշինքի» ղեկավար՝ Սուրեն Սարգսյանի ծեծի դեպքը՝ հիշեցնելով, որ նա ամիսներ առաջ շաբաթը մեկ Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անում և սուր քննադատում իշխանություններին, բայց այդ ժամանակ իշխանությունները չգիտես ինչու բռնություն չէին կիրառում:

«Եթե ազատամարտիկների նկատմամբ բռնարարք է տեղի ունենում և իրականացնողը չի պատժվում, ապա նա այլևս ազատամարտիկ չէ»,-շարունակեց նա՝ շեշտելով, որ ամեն դեպքում բռնությունը դատապարտելի է:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակման շուրջ խոսակցություններն ու վարկածները քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը համարեց մեղմ ասած՝ ոչ պրոֆեսիոնալ, որ հարձակում իրականացնողը  Մոսկվայում բնակվող հայ խոպանչի է, իսկ նման քայլի նա գնացել է, երբ  ադրբեջանցու կողմից լսել է, թե  իր երկրում նախագահ են հայհոյում. «Պետք է նախ հասկանալ, թե որն է խոպանչու հոգեբանությունը: Խոպանչին ինքն է դժգոհ իշխանություններից, դրա
համար էլ լքում է երկիրը ու հիմա հանկարծ նախագահին վիրավորողին պատժելու համար Մոսկվայից հասնում է Երևա՞ն, որի ղեկավարման օրոք արտագաղթել է: Երկրորդ՝ նրանք, ովքեր այս վարկածը դրեցին շրջանառության մեջ, չհասկացան, թե ինչ վնաս հասցրին, այսինքն՝ ստացվում է, որ մեր անվտանգությունն այնքան թույլ է, որ Մոսկվայի ադրբեջանական և հայկական համայնքն է մեր ներքաղաքական հարցերը  լուծում»:

Ըստ Բադալյանի՝ այս ամենն արվում է PR-ի համար, իսկ թե ում է ձեռնտու,  իշխանության ներքին խմբավորումներն իրար մեջ պիտի պարզեն:

Հանդիպմանը ներկա վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հղում կատարելով բռնարարքները դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարությանը, նշեց, որ պաշտոնական արձագանքը համարժեք չէր կատարված գործողություններին՝  նկատելով,  թե սա ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ ավելի ստորին օղակներում ծնված նախաձեռնություն էր: Այլ կերպ ասած՝ իշխանական որոշ շրջանակներ հերթական անգամ փորձել են քծնանքի միջոցով վերնախավին  ապացուցել  իրենց  պիտանիությունը.

«Հերթական անգամ փորձեցին  նախագահին ցույց տալ, որ առանց մեզ դու չես կարող այդ հարցերը լուծել»,-ընդգծեց վերլուծաբանը՝  հիշեցնելով, որ սա վերջին 10-15 տարվա  ընթացքում ՀՀ քաղաքական վերնախավում ձևավորված բարքերի արդյունք է, ինչի լավագույն  ապացույցը գեներալ Սարոյանի ելույթն էր: Ամեն ինչ պարզ է՝ նախագահի թասիբը պահելը բերում է բիզնես փող, պաշտոններ ու առաջխաղացում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում