ԼՂՀ ՊՆ-ում կայացել է ձմեռային զորակոչի վերաբերյալ խորհրդակցություն

ԼՂՀ ՊՆ-ում կայացել է ձմեռային զորակոչի վերաբերյալ խորհրդակցություն

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:

Խորհրդակցությանը ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Մովսես Հակոբյանը:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են  ենթարկվել ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքները, շեշտվել են արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը:

Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն է ընդգրկել նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները` ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նաև զորամասերում և ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր  վիճակը:

Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների  ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել է համապատասխան հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում