Երևանում ավտոմեքենաների լիցքավորման գազը չգրված օրենքնե՞րն են «թանկացրել»

Այսօր Times.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանից փորձեց պարզել, թե որքանով է արդարացված ավտոմեքենաների լիցքավորման գազի գնի բարձրացումը և որքանով է հիմնավոր վարորդների պահանջը, որ իրենց գազ վաճառեն Հայաստան մտնող գնով, ինչին ի պատասխան  պատգամավորը մանրամասն հաշվարկներ ներկայացրեց՝ շրջանցելով բուն հարցը, հատկապես, երբ ակնարկ եղավ, որ ԲՀԿ ղեկավարը ևս, ըստ էության, ներկայացված է  այս բիզնեսում:

«Հիմնական խնդիրը հետևյալն է՝ սահմանի վրա մենք 1000 խորանարդ մետր գազը ստանում ենք 189 դոլարով, բայց քաղաքացի-սպառողին հասնում է 393 -ով, իսկ տնտեսվարող սուբյեկտներին 10.000 խորանարդ մետրից ավելի սպառման դեպքում՝ 275 -ով, միջինը 315 դոլար է: Հիմա ասում եմ՝ եղբայր, 189 և 393, ի՞նչ է կատարվում, որ սրանից մի 6 տարի առաջ 60-70 դոլարով էր տեղափոխվում, իսկ հիմա կրկնակիից ավելի: Պարզվում է, որ առաջին՝ կա կորուստների խնդիր և սակագինը, որ ձևավորվում է դրա մեջ մտնում է նաև սա: Ըստ այդմ՝  ստացվում է, որ գերազանցվել է կորուստների ցուցանիշը և օդում 51 միլիոն խորանարդ մետրի կորուստ կա, ինչը  կարգավորված չէ, որ գնանք գողերին բռնենք: Ուրեմն՝ նախկին էներգետիկայի նախարարն ու հարկային ծառայության ղեկավարը նախկինում համաձայնության են եկել, որ այդ ավել գերնորմատիվային կորուստից մեղմ ասած՝ օրինական հիմք ստեղծելով՝  շահույթը իջեցնեն, որի արդյունքում միլիոնների վնաս է հասցվել բյուջեին: Երկրորդ՝ կորուստների նվազման համար որևէ ներդրում չի արվել: Երրորդ՝ թե ինչ գնումներ են կատարվել, մենք լավ գիտենք, չորրորդ՝ ամորտիզացիոն նորմն է ավելացել, հինգերորդ՝  ավելացվել է աշխատողների թիվը, վեցերորդ՝ աշխատողների աշխատավարձերն են մեծացվել: Ես կարծում եմ, որ հնարավոր էր գազի գինը 10-ը տոկոսով պակաս լիներ, որը 40 դոլար է անում, քիչ չէ»:

Հակադարձմանը՝ ինչով կբացատրեք, որ մարզերում գազի գինը ցածր է և միայն Երևանում է այն թանկացել, պատգամավորն ակնարկեց չգրված օրենքների մասին.

«Մարզում պահանջարկը քիչ է, մարզից գալիս են Երևան, որ վարորդություն անեն և հետ գնան: Որ թանկացնեն, վնասով կաշխատեն»:

«Փաստորեն չգրված օրենքներով են թանկացրել»,-հնչած պատասխանիս առարկություն չեղավ:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում