Մեր տնտեսությունը մեծապես ՌԴ շուկայից չի կախված.Միքայել Մելքումյան

ԲՀԿ խմբակցության անդամ  Միքայել Մելքումյանի դիտարկմամբ ԿԲ-ն կարող էր իր հայտարարություններն աներ ավելի շուտ, քան կստեղծվեր շոկային իրավիճակ, բայց չարեց։ Ըստ նրա՝ ստեղծվել էր մի վիճակ, երբ  դոլարի նկատմամբ պահանջը մեծանում էր, ինչը ենթադրում է՝ պետք է անել այնպես, որ դրամը արժևորվի, դրամի նկատմամբ պահանջը մեծանա, այն թանկանա, որպեսզի հավասարակշռվի, իսկ դրա համար պետք էր մի որոշ հատված շրջանառությունից դուրս բերել։

«Բայց տվյալ դեպքում ոչ թե դոլարն էին դուրս բերել, այլ դոլարը վճարման միջոցից վերածվել էր ապրանքի, այսինքն՝ դոլարը ձեռք էին բերում ու պահում, արդյունքում դոլարը շուկայում այնքան քչացավ, որ բանկերը, արտահանողները, մարդիկ այն պահեցին, ինչն էլ հանգեցրեց սպեկուլյատիվ իրավիճակի»,-շարունակեց պատգամավորը՝ նկատելով, որ ՀՀ-ում դասական տնտեսագիտական կանոններով չեն հարցերը լուծվում, այլ չգրված օրենքներով: Այս համատեքստում ԲՀԿ-ական պատգամավորը նաև ակնարկեց, որ եթե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չշրջեր երեկ խանութներում, այլ որևէ նախարար, արդյունքն այսպիսին չէր լինի, ինչպիսին եղավ, քանի որ մեզ մոտ ամեն ինչ անձնավորված է:

Դրամի արժեզրկման պատճառներից խոսելով  Միքայել Մելքումյանն այն ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոնի հետ կապեց՝ Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթների: Ըստ այդմ՝ պատգամավորն արձանագրեց, որ մեր տնտեսության իմունիտետը շատ թույլ է, ինչը նշանակում է, որ նախ պետք է համապատասխան «դեղեր տալ» և բարձրացնել այն, որից հետո անցնել լուրջ բուժման. «Մեր երկրին անհրաժեշտ է ոչ թե կոսմետիկ կամ հատվածային, այլ արմատական և խորքային փոփոխություն»:

Հակադարձմանը, թե սխալն  չէ, որ մեր տնտեսությունը կախված է միայն մեկ՝ ռուսական շուկայից, Միքայել Մելքումյանը չհամաձայնեց.«Մեր արտահանման 43 տոկոսը կախված է եվրոպական շուկայից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում