Դրամի արժեզրկումը հայկական ծագում չուներ, գերարժևորումն էր մեր ձեռքի գործը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ դրամի էական արժեզրկումը դոլարի նկատմամբ՝ հայաստանյան ծագում չուներ: Նախ՝ դոլարը ԱՄՆ տնտեսության աշխուժացման արդյունքում ուժեղացավ, ինչն իր ազդեցությունն ունեցավ բոլոր արժույթների վրա: Երկրորդ՝ Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանի արժույթը՝  ռուբլին  էապես արժեզրկվեց, ինչպես նաև տեղի ունեցավ  նավթի գնի  նվազում: Իսկ Հայաստանը բաց և փոքր տնտեսություն ունեցող երկիր է և չէր կարող խոշոր ֆինանսական ազդեցություններից զերծ մնալ և ունեցանք դրամ-դոլար փոփոխությունների այն պատկերը, որը խուճապային իրավիճակ ստեղծեց: 

Ի դեպ, վերջին մտքի ֆոնին Գագիկ Մինասյանը նկատեց, որ դրանք առաջացնում էին այնպիսի մարդիկ, որոնք չունեին համապատասխան ունակություն, կարողություն և գիտելիք, որպեսզի կարողանային արագ փոփոխվող իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել, ինչը պարարտ հող ստեղծեց անառողջ և սպեկուլյատիվ գործարքների համար: «Խնայողությունները փրկելու կամ շահույթ ստանալու նպատակով, դրամի չհիմնավորված արժեզրկման պատճառով ազատվում էին իրենց դրամային խնայողություններից` չափազանց բարձր գնով ձեռք բերելով դոլար: Բայց հարցը միայն սրանով չսահմանափակվեց, տնտեսական գործոններով չհիմնավորված փոխարժեքի տատանողականությունը բերեց նաև որոշ ապրանքատեսակների գների բարձրացման»,-շարունակեց նա՝ պնդելով, որ  ԿԲ-ն վարել է ճիշտ քաղաքականություն՝ հայտարարությունների միջոցով հասարակությանը զերծ պահելով սպեկուլյատիվ  դաշտից և  փոխարժեքի մեծ, անհիմն մարժան սկսեց փոքրանալ:

Դիտարկմանը, եթե դրամի արժեզրկումը հայաստանյան ծագում չուներ, այդ դեպքում ինչպես  ԱԺ արտահերթ նիստից հետո ժամեր անց  հնարավոր եղավ կայունացնել դրամը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ արտաքին գործոններով պայմանավորված արժեզրկումը բերեց գերարժևորման, որին մասնակցեցին տնտեսվարող սուբյեկտները և որից տուժեց անվճարունակ քաղաքացին: Այսինքն՝ երկրորդ բաղադրիչն էր ոչ օբյեկտիվ և սա պետք էր վերացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում