CNN: On the road հաղորդումը նվիրված է Հայաստանին

Ամերիկյան հայտնի CNN հեռուստաընկերությունը On The Road ծրագրի շրջանակներում հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին. 22 րոպեանոց ֆիլմն արդեն համացանցում է` հասանելի ավելի լայն զանգվածների: Հեղինակները ներկայացրել են հայաստանյան երիտասարդ սերնդին` նրանց հետաքրքրություններն ու գործունեո ւթյունը, Հայաստանի շատ տեսարժան վայրեր ու դրանց առանձնահատկությունները:

Հաղորդման շրջանակներում հատուկ անդրադարձ է կատավրում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին: Ընդգծվում է, որ այսօր հենց այստեղ կարելի է հանդիպել հայ ստեղծարար երիտասարդների նոր սերնդի ներկայացուցիչներին, ովքեր «տաղանդավոր և ամբիցիոզ են»:

Տեսաֆիլմում խոսվում է շախմատի նկատմամբ հայերի ունեցած սիրո մասին` չմոռանալով ընդգծել այն հանգամանքը, որ այսօր շախմատը դարձել է պարտադիր առարկա հայաստանյան դպրոցներում:

Տեսանյութի հեղինակները պատմում են, որ Հայաստանի ոգին հասկանալու համար պետք է նախ և առաջ այցելել Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: «Հազարավոր մարդկանց հավաքական հիշողությունը կենտրոնացված է հենց այստեղ` այս սարսափելի իրադարձության շուրջը, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը: Այն կանգուն հիշեցնումն է հայկական երկարատև պատմության ընթացքում տեղի ունեցած սեյսմիկ խզման, երբ մեկ ու կես միլիոն հայ քրիստոնյաներ, ովքեր բնակվում էին Օսմանյան կայսրությունում, կոտորվեցին»,- պատմում է տեսանյութը:

Որպես դարեր շարունակ հայերին համախմբող կարևոր ուժ է ներկայացվում հայկական եկեղեցին: «Հայաստանն առաջին ազգն էր, որը քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն 301 թվականին»,- նշում են հեղինակները` պատմելով Հայաստանի տարածքում այսօր գործող անհավանական վանքերի ու եկեղեցիների մասին, որոնք հզոր կապ են ստեղծում անցյալի հետ: Ներկայացվում է Գեղարդի վանական համալիրը, Գառնու հեթանոսական տաճարը:

Անդրադառնալով հայկական սփյուռքի գոյությանը` հեղինակները պատմում են, որ թեև աշխարհում բնակվող 10 միլիոն հայերից միայն 3 միլիոնն են, որ Հայաստանում են, այդուհանդերձ, վերջին տարիների ընթացքում սփյուռքահայ երիտասարդներից շատերը սկսել են վերադառնալ և գործունեություն ծավալել հայրենիքում:

Հաղորդման եզրափակիչ հատվածում հեղինակները նշում են, որ Հայաստանով ողջ ճանապարհորդության ընթացքում իրենք հանդիպեցին հայերի նոր սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ցույց տվեցին, որ պատրաստ են շարժվել իրենց ծնողների անցյալից առաջ և ընդունել ապագան առանց սահմանների: «Ամենահիշարժան պահն այդ ընթաքում երբ մենք Հայաստանում էինք, այն էր, որ բոլոր մարդիկ` թե’ երիտասարդ, թե’ ծեր, պատրաստ էին բաց անել իրենց սրտերը և մեզ հետ կիսել իրենց հայրենիքը»,- եզրափակել են հաղորդման հեղինակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում