«Չկրթված շուստրիների» արյունակցական համակարգը փոխարինել գերմանական սոցիալ-շուկայականով, Պուտինին էլ չվերաբերվել որպես սիրեկանի. Շիրինյան

«Տարին ավարտվեց կողոպուտով: Եթե նորմալ պետություն լիներ, ապա մի հանձնաժողով կստեղծվեր՝ պարզելու, թե դոլարի ու դրամի շարժի մեջ որքա՞նն է սպեկուլյատիվ մասը,  որքանն՝ օբյեկտիվը»,–  այսօր  լրագրողների հետ հանդիպմանը նկատեց  քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով վերջին օրերին դրամ-դոլար փոփոխություններին և դրանից բխող գնաճին: Քաղաքագետն այստեղ հիշեցնում է չինական փորձը,  երբ խարդախներին բռնում էին և գնդակահարում:

«Այս «շուստրիների» խումբը, որտեղ կրթված չեն, պետությունը դարձրել են իրենց սպասարկման գործիքը, այլ կերպ՝ Հայաստանը վերածել են արյունակցական կապերի վրա ստեղծված պետության»,- շեշտեց Շիրինյանը: Ըստ այդմ՝ քաղաքագետն առաջարկեց օգտագործել պետականության այն մոդելը, որի հիմքում  սոցիալ-շուկայական տնտեսության հայեցակարգն է՝ պնդելով, որ այն ստեղծվել է Գերմանիայում, ավելին, այդ փորձը հաջողությամբ կիրառվել է եվրոպական մի շարք այլ  երկրներում:

«Պետականության այն մոդելը, որը ստեղծվել և կիրառվում է մեր երկրում 20 տարիների ընթացքում, իրեն չի արդարացնում: Սա ժողովորդի բարոյականության ոչնչացման մոդել է, ուստի ժամանակն է անցնելու սոցիալ-շուկայական տնտեսության մոդելի, որում  կարգուկանոն  կա՝ տնտեսության մեջ` պետության աջակցությամբ: Հստակ պահանջներ կան՝  շուկան պետք է կարգավորվի, ոչ թե դոլարը լողա, իսկ իրենք մի կողմ քաշվեն: Իսկ սկզբունքներն են` ազատություն, իրավունք և կարգ: Արժեհամակարգը, որի հիման վրա մշակվել է, միանշանակ, քրիստոնեական է: Մոդելը սահմանում է պետական ապարատի կրճատում, բացառում է արյունակցական կապով պետության ստեղծումը»,-մանրամասնեց նա:

Դիտարկմանը, թե այս տեսությունը փոքր-ինչ ռոմանտիկ չէ՞ Հայաստանի իրականությունում, Շիրինյանը համաձայնեց, բայցև հիշեց արցախյան պատերազմի օրինակը. «Արցախյան ազատամարտում ո՞վ գնաց կռվելու պրակտիկնե՞րը, թե՞ ռոմանտիկները, իհարկե, ռոմանտիկները: Պրակտիկները մնացին գողությունով զբաղվելու, իսկ ռոմանտիկները գնացին և հաղթեցին»:

Այս համատեքստում Շիրինյանը ոչ դրականորեն հիշելով Կարեն Դեմիրճյանի ժամանակվա ցեխավիկներին,  դրականորեն արտահայտվեց ԲՀԿ-ի մասին՝ ակնարկելով, թե նրանք կարող են ներքին արտադրական ուժերի ստեղծման գործն իրենց վրա վերցնել: Քաղաքագետն անգամ նկատեց, թե ՕԵԿ-ի բաժանած մուրաբան կերվավ ու գնաց, բայց ԲՀԿ-ի տրակտորը մնաց: Ստացվում է, որ կարևոր չէ, թե որ վաճառում ես ձայնդ, կարևորը, թե ինչի դիմաց: Ինչևէ, Լևոն Շիրինյանը դժգոհեց նաև այսօրվա կրթական համակարգից, կրթության որակից.«Թող նախ մի հատ Մոսկվայի կամ  Պետերբուրգի համալսարանի նմանն ունենան, նոր  խոսեն  Օքսֆորդ, Սորբոն կամ Հարվարդ ունենալուց: Դե կամ էդ Հարվարդ ավարտածները թող մեզ հանեն ճգնաժամից, ոչ թե ինչպես միշտ սպասեն, որ ամեն ինչ անցնի, նոր սկսեն վերլուծություններ անել»:

Անդրադառնալով  ՌԴ նախագահ Պուտինի ասուլիսին, մասնավորապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին հատվածին,  քաղաքագետը հորդորեց Պուտինին չվերաբերվել  որպես սիրեկանի՝ նեղվելով այս կամ այն երկրի հետ ՌԴ-ի լավ հարաբերություններից, այլ պետք է յուրաքանչյուր իրողությունից փորձել օգուտ քաղել:

Ի դեպ, Շիրինյանը թերահավատորեն մոտեցավ Թուրքիայում  ՌԴ-ի կողմից ատոմակայանի կառուցման փաստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում