Աբխազական երկաթուղու վերականգմանը խանգարում է քաղաքական կոմպոնենտը, հարցը պետք է տնտեսական դաշտ տեղափոխել. Վարդան Այվազյան

2014թ-ին Հայաստան-Վրաստան ապրանքաշրջանառությունն ավելացել է 45%-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն՝ այն համարելով երկու երկրների իշխանությունների միջև առկա բաց և փոխշահավետ համագործակցության արդյունք:

Այս համատեքստում  պատգամավորը հերթական անգամ շեշտեց, որ երկու երկրների որդեգրած ինտեգրացիոն տարբեր ուղղությունները ոչ թե իրար դեմ են աշխատելու, այլ   հօգուտ մեկը մյուսին: Իսկ Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի պայմանագրի կանոններն էլ պահպանվելու են, այսինքն՝ ինչ ռեժիմով կատարվել է ապրանքաշրջանառությունը մինչ օրս, այդպես էլ շարունակվելու է. մաքսատուրքեր չեն լինելու՝ Վրաստանից Հայաստան ապրանք է ներմուծվելու զրոյական տուրքով, ավտոմեքենաների դեպքում էլ սահմանված է արտոնությունների ժամկետ, երբ մաքսադրույքաչափերը չեն փոխվելու, առավելություն կլինի նաև վրացի գործընկերների համար:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղու  վերականգմանը, ապա այդ հարցը քննարկման փուլում է, սակայն, ելքը կախված է որոշակի գործոններից: Չպետք է մոռանալ, որ այստեղ քաղաքական կոմպոնենտ կա. Վրաստանը նոր ինտեգրացիոն նախագծերի կողմնակից է, բայց ոչ իր  տարածքային ամբողջականության հաշվին: Ըստ այդմ՝ երկաթուղու վերականգնումը պետք է տեղի  ունենա Ռուսաստանի և Վրաստանի փոխադարձ համաձայնությամբ, իսկ Հայաստանն այս բանակցություններում պետք է միջնորդական առաքելություն ստանձնի: 

«Այս հարցն անհրաժեշտ է տեղափոխել տնտեսական դաշտ»,-լրացրեց Այվազյանը:

Հանդիպմանը ներկա վրացագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ Վրաստանի նոր իշխանությունները փորձում են տարանջատել  քաղաքական ու տնտեսական խնդիրները, ինչից լուրջ դիվիդենտներ են շահում: Իսկ ռուս-վրացական կոնյուկտուրան ուղղակի ազդեցություն է ունենում  մեզ վրա, ի վերջո,  այսօրվա դրությամբ մեր միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա Վրաստանով է անցնում: Այս և  աբխազական երկաթուղու վերականգման բարդությունների ֆոնին վրացագետն ուշադրություն հրավիրեց ենթակառուցվածքային մեկ այլ կարևոր ծրագրի վրա՝  նոյեմբերից քննարկվում է Դաղստանի լեռնային շրջաններով անցնող Ավարա-Կախեթյան ճանապարհի վերակառուցման ու գործարկման հարցը, ինչը վրացական ընդդիմությունը սրերով ընդունեց՝ ասելով, թե սա ճանապարհ կբացի ռուսական զորքի համար, սակայն, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ այդտեղից որևէ  վտանգ չի տեսնում:

 Հանդիպմանը չանտեսվեց նաև այն հանգամանքը, որ  Վրաստանը և իր տարածքը կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրների բոլոր նախագծերը անցնում են Վրաստանի տարածքով: ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը խոսելով Վրաստանում  թուրքա-ադրբեջանական գործոնից և ազդեցությունից, մասնավորապես, նկատեց, թե Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը նպատակ ունի ավելի սերտացնել Թուրքայի, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ շեշտելով, որ Վրաստանը առաջին հերթին շարժվելու իր ազգային շահերից ելնելով, իսկ այստեղ  նաև ադրբեջանական ներդրումները չկորցնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումները հավասարակշռելու  խնդիր կա: «Վրաստանի թիվ մեկ հարկատուն այս պահին SOCAR ադրբեջանական ընկերությունն է»,-ընդգծեց պատգամավորը:

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում