Կրթական համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից. Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իրեն կրթության ոլորտի մասնագետ չի համարում: Նախարարի խոսքով՝ ինքը կրթության կառավարման մասնագետ է: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարարը: Աշոտյանը խոստովանեց, որ ուրախ է, որ իրեն չեն ասոցացնում կրթության ոլորտի հետ, քանի որ նախարարը նախևառաջ քաղաքական պաշտոնյա է:

«Իմ նշանակման առաջին իսկ օրվանից՝ 2009 թվականի մայիսի 12-ից, մամուլը գուժում էր իմ մոտալուտ հրաժարականն այս պաշտոնից՝ մեջբերելով այն հանգամանքը, որ մասնագիտական տեսանկյունից ես կրթության ոլորտի մասնագետ չեմ: Ավելին՝ ես ինքս, անգամ այս պաշտոնը ստանձնելուց հինգ ու կես տարի անց, ինձ կրթության ոլորտի մասնագետ չեմ համարում, բայց համարում եմ կրթության կառավարման մասնագետ: Հաշվի առնելով այս պաշտոնում իմ երկարակեցությունը՝ կարելի է ենթադրել, որ այս ոլորտին հենց ինձ նման նախարար էր պետք, որ կայուն վարչարարություն կիրականացներ և ճգնաժամային կառավարման հմտություններ կունենար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարն ընդգծեց, որ կրթական համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից: «Այս համակարգում միակ քաղաքական մարդն ի պաշտոնե նախարարը պետք է լինի, որովհետև նախարարը քաղաքական պաշտոն է»,- նշեց Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում