Արևմտյան փորձագետները ծախվում են ադրբեջանական կառավարությանը. Huffington Post

Huffington Post թերթն անդրադարձել է ԱՄՆ-ի գաղափարների և կարծիքի ձևավորման կենտրոններում փողով հեղինակություն գնելու Ադրբեջանի գործողություններին:

Թերթն այդ առնչությամբ գրում է, որ Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապերի մեջ գտնվող Բրենդա Շաֆերի նման շատ մարդիկ, իրենց ներկայացնելով որպես Արևմուտքի փորձագետ, հոդվածներ են հրապարակում և դրանով ազդեցություն գործում Արևմուտքի հասարակական կարծիքի վրա:

«Բրենդա Շաֆերը, ով Հայֆայի համալսարանի (Իսրայել) պրոֆեսոր և Ջորջթաունի համալսարանում հրավիրված գիտնական է, Los Angeles Times, New York Times, Wall Street Journal եւ Vashington Post թերթերում 26 հոդված է հրապարակել, որոնցում Կոնգրեսին հղած իր ուղերձներում օրենսդիրներին կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել Ադրբեջանին և ակտիվորեն պաշտպանել այդ երկրից Թուրքիայի տարածքով անցկացվելիք «Հարավային հոսք» կոչվող գազատարի շինարարության նախագծին:

Օրինակ, Foreign Policy հանդեսում հրապարակած հոդվածում Բրենդա Շաֆերը խիստ կարևորել է ադրբեջանական գազը Եվրոպա հացնելը` դա պայմանավորելով այն բանով, որ դրա դիմաց Եվրոպան կհրաժարվի ածուխի մեծ ծավալների օգտագործումից, ինչով կպակասի մթնոլորտի աղտոտումը: Հոդվածում Բրենդա Շաֆերն ընթերցողներին ներկայանում է որպես Ջորջթաունի համալսարանի Եվրասիայի, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան` նրանցից թաքցնելով այն փաստը, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR) աշխատում է որպես խորհրդական», -գրել է թերթը:

Թերթը մեջբերել է նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի այն տեղեկությունը, որ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Բրենդա Շաֆերը ամերիկյան ԶԼՄ-ներում հրապարակած ադրբեջանամետ հոդվածներում թաքցրել է, որ ոչ միայն խորհրդական է SOCAR-ում, այլ նաև դասավանդում է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:

Նշելով, որ Բրենդա Շաֆերը ադրբեջանական նավթափողերից օգտվող միակ պրոֆեսորը չէ, Կոզլարիչն ասել է. «ԱՄՆ-ում Ադրբեջանը պաշտպանող ակադեմիկոսներ, բիզնեսով զբաղվող անձինք կան, ովքեր նման գործողություններով վճարի դիմաց ձգտում են Ադրբեջանը ներկայացնել որպես ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր: Այս պաշտպանների մեծ մասը չեն բացահայտում Ադրբեջանի հաստատությունների հետ ունեցած կապը, քանի որ նրանք լոբբիզմ են իրականացնում Ադրբեջանի օգտին: Ես չգիտեմ, կան արդյոք Ադրբեջանի նման այլ ավտորիտար վարչակարգեր, որոնք զբաղված են նման գործունեությամբ», -թերթի հետ զրույցում ասել է Կոզլարիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում